Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան
Երաշխիք չկա, որ գազը չի թանկանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամներն օրերս ներկայացրած զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքներին: Ըստ այդ զեկույցի, եթե դադարեցվի ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ապա երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով։ «Իսկ նախկինում երաշխիք եղե՞լ է։ Դուք գիտե՞ք, որ նախկինում էլ է գազը թանկացել, դուք խաբար չեք եղել։
2019-ին թանկացել է, չգիտեի՞ք։ Հետո էլ է 2022-ին կամ 2023-ին է թանկացել։ Ուղղակի ՀՀ կառավարությունը ՀՀ-ում աշխատող, հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի ՀՀ ժողովրդի համար։ Վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 2 անգամ գազի գինը թանկացել է։ Ոչ մեկ չի՞ հարցնում՝ վայ, բա գազի գինը թանկացել է, մեզ համար ինչի՞ չի թանկանում»։
