Աղբագոյացության պատճառներն ու հետևանքները. Կապանցիների դիտարկումները
Կապանի բնակչուհի Էմմա Խաչատրյանը նշում է, որ աշխատանքի գնալիս ճանապարհին կուտակված աղբի շատ է հանդիպում։ Սա տհաճ է տեղաբնակների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար:
Կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից թեև կազմակերպվում է ամենօրյա աղբահանությունը, սակայն մաքրությունը երկար ժամանակ չի պահպանվում, քանի որ մի շարք գործոններով պայմանավորված՝ քաղաքը կրկին աղտոտվում է։
Թե ի՞նչ պատճառներով է աղբի թափոնների քանակն աճում, Կապանի բնակչուհի Աննա Հակոբյանն իր կարծիքն ունի։ «Դրան հատկապես նպաստում է բնակչության խտության գործոնը։ Ուրբանիզացիայի աճով ևս պայմանավորված նկատվում է արտադրվող թափոնների քանակի աճ»։
«Այս խնդրում մեծ է հատկապես այսօրվա սպառողների դերը։ Տեսեք, ժամանակը թելադրում է, որ ապրանքները հասնեն սպառողին ամուր, ապահով, գեղեցիկ փաթեթավորված, ինչը հանգեցնում է փաթեթավորման նյութերի, մեկանգամյա օգտագործման իրերի և հնացած ապրանքների կուտակման։ Անընդհատ գնվող, թարմացվող ապրանքների արդյունքում և՛ նոր ձեռբերված ապրանքի փաթեթավորումից է աղբ առաջանում, և՛ խնդիր է առաջանում ազատվել հնից, որը նույնպես աղբի տեսքով հայտնվում է ոչ համապատասխան վայրում։ Սպառման այս մշակույթը նպաստում է թափոնների առաջացմանը՝ հաճախ առաջացնելով երկարաժամկետ հետևանքներ»,-կարծիք հայտնեց Կապանի բնակչուհի Մարիաննա Սարգսյանը։
Կապանի բնակիչ Գագիկ Գալստյանի դիտարկմամբ՝ մեծ քանակությամբ աղբի թափոնների կուտակումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:
«Թափոնների ոչ պատշաճ հեռացումը կարող է վնասատուների բազմացման պատճառ դառնալ` հանգեցնելով հիվանդությունների տարածմանը: Բացի այդ, էլեկտրոնային վտանգավոր թափոններից թունավոր քիմիական նյութերը կարող են ներթափանցել հողի և ջրի մեջ՝ աղտոտելով էկոհամակարգերը և վտանգելով հանրային առողջությունը», -ընդգծեց նա։
Կապան համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի խոսքով՝ մեծ կարևորություն է տրվում հատկապես աղբահանության կազմակերպմանը, որն իրականացվում է ամենօրյա ժամանակացույցով և բարձր պատասխանատվությամբ։ «Այսօր իրականացվող լայնածավալ շինաշխատանքների հետևանքով մեծ քանակությամբ շինարարական աղբ է կուտակվում։ Դրան գումարվում են կոշտ կենցաղային թափոններն ու կենցաղային աղբը։ Արդյունքում, օրվա կտրվածքով հսկայական քանակի աղբ է կուտակվում, որը կոմունալ ծառայության աշխատակիցները տեղափոխում են կենտրոնական աղբավայր»։
Էդիտա Գալստյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)