Սյունիքն անհավանական վայր է իր պատմությամբ ու մարդկանցով․ ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ | Region

Սյունիքն անհավանական վայր է իր պատմությամբ ու մարդկանցով․ ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ

Հունիս 24,2024 21:35

Քաղաքների և նահանգների միջև համագործակցության հարցերով ԱՄՆ պետքատուղարության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիգյանը X-ի իր միկրոբլոգում կիսել է տպավորությունները Սյունիք կատարած այցից:

«Նախքան տուն գնալը ես հանգստյան օրերն անցկացրի Սյունիքում՝ Հայաստանի հարավում: Իսկապես անհավանական վայր է: Պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ և բնության գեղեցկությունը հիացրել են ինձ։

Սյունիքի բնական գեղեցկությունն ապշեցուցիչ է, իսկ շուրջբոլորը հնագույն պատմություն է: Հայերն ու նրանց նախնիներն այստեղ են ապրում հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ։ Թող խաղաղությունը շարունակվի գալիք հազարամյակների ընթացքում:

Ինչպես Հայաստանում ամենուրեք, այնպես էլ Սյունիքում կան գեղեցիկ հին եկեղեցիներ, քանի որ Հայաստանն առաջին պետությունն էր, որն ընդունեց քրիստոնեությունը մ.թ. 301 թվականին: Որոշ կառույցներ, որոնք մենք տեսանք, վերաբերում են մեր թվարկության 400-ականներին: Ճոպանուղով անհավանական երկար ճանապարհ անցանք, որպեսզի հասնենք դրանցից մեկին՝ Տաթևի վանական համալիրին»,- գրել է հայազգի ամերիկացի պաշտոնյան։

Նա անդրադարձել է նաև Գորիս կատարած այցին: «Գորիսը գեղեցիկ քաղաք է: Լեռնային Ղարաբաղի/Արցախի ռազմական գրավումից փախած ավելի քան 100.000 հայերից շատերն առաջինը հանգրվանել են հենց այս քաղաքում: Այդ հողի դատարկումը, որտեղ հայերն ապրել են հազարամյակներ, դեռ թարմ, ողբերգական հիշողություն է շատերի համար»,- նշել է Նինա Խաչիգյանը:

Նա ավելի վաղ կիսել էր նկարներ և տպավորություններ Զորաց քարեր (Քարահունջ) և Խնձորեսկ կատարած այցերից՝ Քարահունջը ներկայացնելով որպես «Հայկական Սթոունհենջ»:

Նորություններ