Այստեղ գտնվող երիտասարդությունն այս պայքարի ծնունդն է. Բագրատ Սրբազան
Օգոստոսի 12-ի Սրբազան շարժման հավաքը՝ Երիտասարդների միջազգային օրվա առիթով էր։
Մատենադարանի մոտից մեկնարկած երիտասարդների երթը շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ երիտասարդներին սպասում էին շարժման մյուս աջակիցները։
Երիտասարդներին շնորհավորեց և ուղերձ հղեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը. «Երիտասարդությունը նաև սխրանքների ու հերոսության համար է։ Մենք այսօր ունենք բազմաթիվ երիտասարդ զավակներ, որոնք մեզ հետևում են երկնքից, և շատ հաճախ ես, իրենց առջև գտնվելով, իրենց ավելի կարող, ավելի որակով և ավելի առաջնորդող եմ պատկերացնում, քան ինձ կամ որևէ մեկին»,–ընդգծեց նա։
Սրբազանը կրկին հիշեցրեց․ «Այստեղ գտնվող երիտասարդությունն այս պայքարի ծնունդն է։ Ծնվել են այս պայքարից, իրար գտել են այս պայքարում և մենք էլ իրար գտել ենք այս պայքարում։ Եվ այս պայքարը նյութական որևէ ակնկալիք չունի, այլ ունի միայն մեկ նպատակ՝ հայրենիք ու պատիվ»։
Շարժման առաջնորդն իր խոսքում նաև ընդգծեց, որ կալանքից ազատվել են տարբեր ժամանակներում պայքարին մասնակցած ու կալանավորված մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ։