Երբ գործարարը հրաժարվում է գործել համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով | Region

Երբ գործարարը հրաժարվում է գործել համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով

Հունիս 24,2016 11:23

Ավելի քան 40 խոշոր արտադրական ձեռնարկություն ունեցող Գյումրի քաղաքում 88-ի աղետից հետո, ավելի քան 27 տարվա ընթացքում նշմարվեցին միայն մի քանի փոքր ու միջին արտադրական ձեռնարկություններ:

Գյումրիի օճառի գործարանն առաջիններից էր, որը ստեղծվել է քաղաքում լուրջ արտադրական հզորություններ ապահովելու, աշխատատեղեր հիմնելու եւ լավագույն ավանդույթները վերականգնելու ակնկալիքով: Ընդհանուր բիզնես-նախագիծն իրականացվում է մի քանի երկրներում, եւ Հայաստանը հանդիսանում է այդ նախագծի փուլերից մեկը՝ կարեւորագույն  հատվածը:

Արտադրական տարածքների շինարարությունը սկսվել է դեռեւս 2003թ.-ին, իսկ առաջին սարքավորումները ներկրվել են 2010թ.-ի վերջում: Առաջին ցիկլի աշխատանքները նախատեսված էր ավարտել ավելի սեղմ ժամկետներում, սակայն 2007-2008թթ.-ի հայտնի դեպքերով պայմանավորված, ժամանակացույցը խախտվեց:

Ինչպես հայտնի է, գործարանի սեփականատերը նաեւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրն է, եւ հարկային տեռորի միջոցով իշխանությունները փորձեցին խափանել եւ հեռուստաընկերության եւ ձեռնարկության աշխատանքը:  Ձեռնարկության գործարկումը հայտնի առճակատման պատճառով 4 տարի ուշացավ: Այսօր արդեն ներկայիս իշխանություններն են ամեն կերպ փորձում արգելքներ ստեղծել, խափանել, արգելակել  ոտքի կանգնող ձեռնարկության բնականոն աշխատանքը:

Հայաստանյան շրջափուլի ներդրումային փաթեթի արժեքը 3 մլն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի է, եւ այն իրականացվելու էր 3 փուլերով: Նախատեսված էր, որ 2014թ.-ի վերջին նախագծի հայաստանյան հատվածի 3-րդ՝ եզրափակիչ փուլը պետք է ավարտված լիներ, եւ մենք Շիրակի մարզում 400-ից ավելի կայուն աշխատատեղ պետք է ունենայինք: Ցավոք, գործարանն այսօր աշխատում է ընդհանուր հզորության ընդամենը 8%-ի չափով:

Ընդհանրապես, Հայաստանի նման երկրներում բիզնեսը զարգացման եւ շահավետության հեռանկար կարող է ունենալ միայն մեկ դեպքում. եթե արտադրողը գործում է քաղաքական գործող համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով: Համակարգի ճարտարապետները ցանկացած անկախ գործունեություն դիտարկում են որպես անհնազանդություն, եւ բնականաբար ինքնուրույն գործող, այլ գաղափարներ եւ սկզբունքներ ունեցող գործարարը համարվում է ոչ յուրային, օտար մարմին:

Այլ երկրներից առաջարկներ եղել են՝ անհամեմատ շահավետ պայմաններ ապահովել բիզնեսն այնտեղ տեղափոխելու դեպքում, սակայն սեփականատիրոջ համար սկզբունքային հարց է եղել հենց Գյումրիում զարգացնել արտադրական ներուժը:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2 անգամ եղել է չխանգարելու, արտադրությանը չխոչընդոտելու առաջարկ, սակայն անընդունելի պայմանով, որ ԳԱԼԱ-ն մեղմի իր դիրքորոշումն իշխանությունների նկատմամբ: Առաջարկը բնականաբար  մերժվել է, եւ նաեւ այդ պատճառով Գյումրիի ձեռնարկությունն այսօր անկանոն կերպով է գործում:

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ