Արամ Մկրտչյան․ ԼՂ բնակիչները կարող են օգտվել Քասելի վարչական դատարանի նախադեպային որոշումից՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար | Region

Արամ Մկրտչյան․ ԼՂ բնակիչները կարող են օգտվել Քասելի վարչական դատարանի նախադեպային որոշումից՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար

Նոյեմբեր 08,2024 12:30

Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը  որոշում է կայացրել, որ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչները, ովքեր արտաքսվել են և ունեին հայկական 070 ծածկագրով անձնագիր, Հայաստանի քաղաքացի չեն համարվում

Գերմանիայում դատարանը որոշել է փախստականի կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին, քանի որ նրանք չեն կարող վերադառնալ հայրենիք՝ Ադրբեջանի կողմից հետապնդումների պատճառով։

Ըստ հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի՝ –  Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը երկու որոշումներով՝ այս տարվա սեպտեմբերի 16-ին  որոշում է կայացրել, որ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչները, ովքեր արտաքսվել են և ունեին հայկական 070 ծածկագրով անձնագիր, Հայաստանի քաղաքացի չեն համարվում։ Դատարանը ճանաչել է, որ Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ, քանի որ հետապնդվելու է Ադրբեջանի կողմից։ Դատարանը նաև նշել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում էթնիկ հայերը մշտապես ենթարկվում են համակարգված խտրականության, ինչը, ըստ դատարանի, Ադրբեջանում տասնամյակների ավանդույթ ունի։ Դատարանը պարտավորեցրել է Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակին (BAMF) հայցվորներին փախստականի կարգավիճակ շնորհել՝ համաձայն ապաստանի մասին օրենքի 3-րդ հոդվածի:

Քաղաքական և հասարակական գործիչ, Բեռլինի Գերմանա-հայկական հարաբերությունների վերակազմակերպման կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը REGIONSTV-ի հետ զրույցում ասում է՝  Քասել քաղաքը Գերմանիայում փախստականների կենտրոններից մեկն է։

Մեկնաբանելով դատարանի որոշման իրավական նշանակությունը, Արամ Մկրտչյանը նշում ՝  դատական ​​այս որոշումը կարող է կարևոր փաստարկ դառնալ իրավական գործընթացներում՝ ցույց տալով, որ դատարանները հաշվի են առնում մարդու իրավունքների խախտման դեպքերը և պատրաստ են փոխհատուցում տրամադրել նման խախտումների դեպքում։

Նրա խոսքով․«Եթե տուժողները բախվել են նմանատիպ խախտումների, ապա կարող են այս հղում անել այս որոշմանը որպես ապացույց, որ նմանատիպ գործեր արդեն իսկ քննվել են և լուծվել հօգուտ իրենց։ Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր դեպք եզակի է, և վերջնական որոշումը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից և ապացույցներից, ուստի փաստաբանի հետ խորհրդակցելը կարող է շատ օգտակար լինել, որպեսզի ընտրվի լավագույն միջոցը տվյալ նախադեպը կիրառելու համար  կոնկրետ իրավիճակում»:

Մկրտչյանի կարծիքով՝ այս որոշումը նախադեպ է և կարող է ազդել Ադրբեջանի հետ կապված հետագա գործերի վրա․ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են օգտվել Քասելի վարչական դատարանի նախադեպային որոշումը իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ հենվելով միջազգային իրավունքի և դատարանների որոշումների վրա»։

Նա նման դեպքերի համար նա խորհուրդ տվեց՝ խորհրդակցել իրավաբանների հետ, ովքեր մասնագիտացած են միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում՝ հասկանալու համար, թե ինչպես օգտագործել այս որոշումը կոնկրետ դեպքում։ Նաև խորհուրդ տվեց հավաքագրել ապացույցներ իրավունքների խախտումների վերաբերյալ՝ դատարան ներկայացնելու համար, ներկայացնել հայց միջազգային դատարաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ Արդարադատության միջազգային դատարան՝  նախադեպային այս որոշման հիման վրա:

«Human Rights Watch-ի կամ Amnesty International-ի նման միջազգային  կազմակերպություններին աջակցության համար դիմելը կարող է օգնել պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և ուշադրություն հրավիրել նրանց գործի վրա»,- ասաց Մկրտչյանը։

Զաբելա Ավագյան

Նորություններ