«Եթե Վրաստանում իրականանա «բելառուսացման» սցենարը, և մենք մեկուսանանք Արևմուտքից, ինչը կազդի նաև Հայաստանի վրա»․Շմագի Սամխարաձե | Region

«Եթե Վրաստանում իրականանա «բելառուսացման» սցենարը, և մենք մեկուսանանք Արևմուտքից, ինչը կազդի նաև Հայաստանի վրա»․Շմագի Սամխարաձե

Նոյեմբեր 22,2024 15:12

Ի՞նչ զարգացումներ սպասել Մոլդովայի և Վրաստանի ընտրություններից հետո, ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը հետխորհրդային այս երկրների, ինչպես նաև Հայաստանի վրա, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի դիրքորոշումը Կովկասյան տարածաշրջանում Թրամփի վարչակազմի օրոք, այս և այլ հարցերի շուրջ զրուցել են Վրաստանում «Քաղաքացիական Համաձայնություն» քաղաքացիական շարժման հիմնադիր Շմագի Սամխարաձեի հետ։

-Հոկտեմբերի 26-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը համարվում է ռուսամետ, ստացավ 54 տոկոս քվե և այդպիսով հաղթեց ընտրություններում։ Սակայն ընդդիմությունը, տեղական և միջազգային դիտորդները հայտարարել ընտրակեղծիքների մասին: Ձեր դիտարկումներն այս մասին։

Ոչ ոք, ով այդ ժամանակ գտնվում էր Թբիլիսիում, կասկած չունի, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են մի քանի կետերով։ Նախ՝ էլեկտրոնային քվեարկությունը, որի դեպքում կարող է խախտվել ընտրությունների ամենահիմնարար իրավունքը՝ գաղտնի քվեարկությունը։ Ոչ ոք չպետք է իմանա, թե ում օգտին ես քվեարկել։

Երկրորդ՝ մարզերում գրանցված և քվեարկած ընտրողների թվի մեծ տարբերություն է եղել, երբ ընտրությունների ավարտից երկու-երեք ժամ առաջ մեծ աշխուժություն է գրանցվել։ Այդպես է եղել այն շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր և ադրբեջանցիներ են, այդ տեղամասերում իշխող կուսակցությունը ստանում է ձայների ավելի քան 80%-ը։

Երրորդ՝ կառավարությունը չօգտագործեց հյուպատոսական ծառայությունները և տարբեր լիազորություններ՝ ապահովելու արտերկրում բնակվող ընդդիմադիր տրամադրված ազգությամբ վրացի միգրանտների լիարժեք մասնակցությունը։ Նրանց 80 տոկոսը կքվեարկեր ընդդիմության օգտին։ Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ժամանակ իր դերն ունեցավ նաև ռազմական սպառնալիքի քարոզչությունը, ակտիվ զուգահեռներ անցկացվեցին Ուկրաինայի հետ։

-Թբիլիսիում ընդդիմությունն ու նրա աջակիցները բողոքի ցույցեր են անում, քանի որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կտևեն այդ ցույցերը, արդյոք դրանք որևէ հետևանք կունենա՞ն երկրում տիրող իրավիճակի վրա։

2020 թվականին ընդդիմությունը նույնպես հայտարարեց զանգվածային կեղծիքների մասին, սակայն, ի տարբերություն այս ընտրությունների, եվրոպական երկրների դիտորդների մեծ մասը կարծում էր, որ ընտրություններն անցել են օրինական՝ ավելի քիչ խախտումներով։ Այն ժամանակ Վրաստանի նախագահ ևս ճանաչեց ընտրությունների օրինականությունը, ընդդիմությունն ու իշխող իշխանությունը որոշ փոխզիջումների գնացին, ու ընդդիմությունը մտավ խորհրդարան։ Այժմ Վրաստանի նախագահը չի ճանաչում այս ընտրությունները, չորս ընդդիմադիր կուսակցություններ մտադիր չեն մտնել խորհրդարան։ Նրանք ստորագրեցին այսպես կոչված «Վրաստանի նախագահական խարտիան», որտեղ նշվում է անցումային կառավարության մասին, որը կապահովի դատական ​​և ընտրական բարեփոխումները և Եվրամիության հետ բանակցային գործընթացի բացումը, որից հետո պետք է տեղի ունենան նոր ընտրություններ։ Նշենք, որ Վրաստանում առաջին անգամ բողոքի շարժումը չսկսվեց արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, քանի որ ժողովուրդը վստահ էր ընդդիմության հաղթանակի և իշխանափոխության մեջ, ոչ ոք չէր սպասում նման հանգուցալուծում, մարդիկ շոկի մեջ էին, ինչը նրանց բարոյալքեց։ Այժմ նրանք աստիճանաբար վերականգնվում են շոկային վիճակից, իսկ բողոքի ալիքը մեծանում է։

-Անդրադառնանք Մոլդովային, որտեղ հաղթել է եվրոպամետ գործիչ Մայա Սանդուն, նա ստացել է ձայների 55%-ը, իսկ ռուսամետ թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 45%-ը։ Կրեմլը հրաժարվել է Սանդուին ճանաչել Մոլդովայի նախագահ. Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոլդովայում ընտրողների մեծամասնությունը չի քվեարկել Սանդուի օգտին։ Ինչի՞ է ուզում հասնել Կրեմլը։

Վրաստանի և Մոլդովայի միջև այս դեպքում միակ տարբերությունն այն է, որ երբ Մոլդովայում ընտրություններ էին անցկացվում, իշխանությունում եվրոպամետ թեկնածուներ էին, իսկ Վրաստանում իշխող ուժին շատերը մեղադրում են Ռուսաստանին սիրաշահելու մեջ կամ առնվազն մեղադրում են հակաարևմտյան հռետորաբանությունը ներմուծելու մեջ:  Նրանց նախընտրական ուղերձը համընկնում է Ալեքսանդր Ստոյանոգլոյի (Երկրի նախկին գլխավոր դատախազ, Սանդուի մրցակիցը նախագահի ընտրություններում), Մոլդովայի ընդդիմադիրների և բոլոր նրանց ուղերձների, ովքեր միջամտել են Մոլդովայի ընտրություններին։

Օրինակ՝ ռուսաստանաբնակ գործարար Իլան Շորը։ Դեռ ապրիլին նա ստեղծել է «Պրոմսվյազբանկը», գրանցել է Մոլդովայի 138.000  քաղաքացիների, որոնք գումար են ստացել։ Սրանք նաև նրանց ընտանիքներն են, նրանց հարազատները և նրանք, ում հետ կիսել են այս գումարը։ Ուստի Մոլդովայի ընտրություններում մոտ 300.000 ձայնի վերաբերյալ ուսական միջամտության մասին հարց է ծագել։ Բացի այդ, Մերձդնեստրն ու Գագաուզիան չեն վերահսկվում Մոլդովայի կողմից։ Հենց Գագաուզիայում Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է 90% կամ 98%-ը։ Բացի այդ, Մոլդովայում Ռուսաստանի ազդեցությունն ավելի մեծ է, քան Վրաստանում, օրինակ՝ լեզուն, ռուսների ներկայությունը։ Մոլդովայում ռուսական քարոզչությունն ավելի ծավալուն է, քան Վրաստանում։

Մոլդովայի դեպքում Կրեմլը ելնում է այն տրամաբանությունից, որ այս երկիրը մի կողմից սահմանակից է Ռումինիային, իսկ մյուս կողմից՝ Ուկրաինային, ուստի պատերազմի վտանգի քարոզչությունն այնտեղ այնքան ուժեղ չէ, որքան Վրաստանում, որտեղ ռուսական զորքերը գտնվում են մայրաքաղաքից ոչ հեռու, աշխարհագրական առումով Վրաստանը հեռու է Եվրոպայից։ Կրկին, տեղական իշխանությունները, միգրանտներն օգնեցին Մոլդովային, ահա թե ինչն էր պակասում մեր դեպքում։

– Մոտ ապագայում ի՞նչ դժվարություններ են սապսվում Մոլդովայում և Մայա Սանդուին։

Նրանք արդեն ապահովել են իշխանությունը, միայն այն է, որ հաջորդ տարի Մոլդովայում շատ բարդ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Վտանգն այն է, որ կարող է ընտրվել ռուսամետ կոալիցիոն ընդդիմություն։ Ռուսաստանը հույս ունի, որ հաջորդ տարի կկարողանան ռուսամետ կոալիցիա կազմել խորհրդարանում։ Սանդուն կլինի նախագահ, եվրաինտեգրումը կնշվի Մոլդովայի Սահմանադրության մեջ, իսկ ռուսամետ խորհրդարանական կոալիցիան խոչընդոտներ կստեղծի այդ ճանապարհին։ Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությունը կուժեղանա.

-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի միջամտությունը Մոլդովայում և Վրաստանում կարո՞ղ է կանխագուշակել միջամտություն հայաստանյան ընտրություններին, որոնք տեղի կունենան 2026 թվականին։ Նախկինում նկատե՞լ եք ռուսական ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վրա։

Ես, իհարկե, հետեւել եմ այդ տարի հայաստանյան բողոքի ցույցերին։ Նրանց ուղերձներն ու նարատիվներն ինձ համար նորություն չէին, քանի որ նույն բանն այստեղ ենք տեսնում։ Ինձ թվում է՝ ռուսական քարոզչությունը բոլոր երկրներում նույն կերպ է աշխատում։ Նրանք ունեն  նույն տեքստը, պարզապես տարբեր լեզուներով, ու դրանք ուղարկում են տարբեր երկրներ։

Ինձ շատ հաճելի էր, որ Հայաստանում ժողովրդավարական ​​ուժերը հաղթում են, բայց կա մեկ այլ պատմություն, որը շատ է անհանգստացնում Հայաստանի բնակչությանը, դա Ղարաբաղյան հակամարտության հիմնահարցն, դա Ռուսաստանի գլխավոր հաղթաթուղթն էր, որը կարող էր օգտագործել։ Ինձ թվում է, որ ռուսական կողմը Հայաստանի ռուսամետ ուժերին ամբողջությամբ չի ծանուցել, որ եթե նրանք գան իշխանության, կարող են որոշակի փոփոխություններ լինել Ղարաբաղի հարցում։ Ինձ թվում է, որ Հայաստանում էլ դա զգացին։

Իհարկե, Վրաստանում իրերի դասավորվածությունը կազդի Հայաստանի վրա, բայց եթե իրականանա «բելառուսացման» սցենարը, և մենք մեկուսանանք Արևմուտքից, ինչը  կազդի նաև Հայաստանի վրա։ Հայաստանում կասեն, որ եթե Վրաստանը, որը բարեփոխումներ է իրականացրել, չընդունվի Եվրամիություն, ապա մեզ ընդհանրապես այնտեղ չեն ընդունի։

Բայց չնայած սրան, ինձ թվում է, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Մենք պետք է լինենք նույն նավի մեջ։ Եթե ​​հակառակը, ազդակը գա Հայաստանից, դա մեզ էլ է խթանելու։ Մենք կզգանք, որ ժողովրդավարական ուժերը ունակ են կազմակերպվելու, ունակ են պայքարելու։ Էրդողան, Ալիև, Վլադիմիր Պուտին, ավտորիտար առաջնորդներ են, և ստացվում է, որ Վրաստանն ու Հայաստանը, այսպես ասած, վերջին կղզյակներն են, որտեղ հնարավոր էր փոխել իշխանությունը և այլն։ Ինձ թվում է, որ վրաց և հայ ժողովուրդները, ունենալով ժողովրդավարության որոշակի փորձ, այստեղ դա պարզապես թույլ չեն տա։ Այս առումով մենք ավտորիտար համակարգում ապրելու ավելի քիչ փորձ ունենք մեր նորագույն պատմության մեջ։ Այսպիսով, ինձ թվում է, որ սա մեր հաղթաթուղթն է, գումարած դրան՝ մեր հույսը երիտասարդության վրա, հասարակությունն ու մոբիլիզացիան,  ամեն ինչ մեր ձեռքերում է:

-Ինչպե՞ս կազդի Դոնալդ Թրամփի հաղթանակը Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա։ Արդյո՞ք Թրամփը հետաքրքրված է այս տարածաշրջանով:

-Չեմ թաքցնի, որ ավելի շատ համակրում էի դեմոկրատներին՝ Թրամփի անձի պատճառով։ Եթե ​​Հանրապետականի մեկ այլ թեկնածուի դեպքում մտահոգությունն ավելի քիչ կլիներ, ապա Թրամփի դեպքում նրա պոպուլիզմը, ավտորիտար հակումները տագնապալի են։ Դա ձեռնտու է ավելի շատ Ռուսաստանին։ Սա Ռուսաստանի կառավարությանը տալիս է ավելի շատ լեգիտիմություն և վստահություն, որ իրենց կառավարման համակարգը ավելի արդյունավետ է: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Ամերիկայի շահագրգռվածությանը, ինձ թվում է, որ Ամերիկան, եթե մեզ ժողովրդավարության տեսանկյունից չի նայում, կարող է ռազմավարական իմաստով նայել։ Սա իրական քաղաքականություն է, ԱՄՆ-ին ձեռնտու է ներկայություն ունենալ տարածաշրջանում, Սև ծովում և Կովկասում:

-Հայտնի է, որ Մոսկվան փորձում է պահպանել ու ամրապնդել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը, Արևմուտքը կզիջի՞ այս տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնությանը, և ընդհանրապես, այդ երկրների հասարակությունը ձգտո՞ւմ է դեպի Արևմուտք։

Եթե ​​չեմ սխալվում, համաճարակի ժամանակ Պուտինը հոդված էր գրել, որտեղ համաշխարհային քաղաքականությունը դիտարկել է որպես բազմաբևեռ աշխարհ։ Բազմաբևեռ աշխարհ ասելով Պուտինը նկատի ուներ հնգաբևեռ աշխարհը՝ Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ամերիկա և Եվրոպա։ Այս դեպքում, ինձ թվում է, Վրաստանի և Հայաստանի նման երկրների համար, որոնք գտնվում են սահմագծին, ազգային անվտանգության և ինքնիշխանության համար սպառնալիք է ստեղծվում։ Այս դեպքում միջազգային համակարգը վերափոխվում է  մրցակցության։ Սա նշանակում է, որ սարսափելի մրցակցություն է լինելու խոշոր երկրների միջև, որի արդյունքները մենք տեսանք 19-20-րդ դարերում, ինչը լավ բան չի խոստանում Վրաստանի և Հայաստանի նման փոքր երկրների համար։ Այս դեպքում մենք կարող ենք հայտնվել կամ մրցակցային միջավայրում, կամ Ռուսաստանի ազդեցության տակ։ Հուսով եմ, որ Եվրոպան չի գնա հսկայական մրցակցության ճանապարհով։

Քրիստոֆեր Քրոուսըն

 

 

Նորություններ