Թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել Հնդկաստանից Հայաստան
Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական արդյունքը: Թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը:
«Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է հեմոգլոբինի ոչ բավարար կամ ոչ նորմալ արտադրություն։
Պացիենտներն ամբողջ կյանքի ընթացքում կանոնավոր կերպով պետք է ընդունեն «Կելֆեր» դեղամիջոցը։ Հայաստանում այս հիվանդությունն ունի շուրջ 130 մարդ:
Արմեն Գասպարյանի և «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի հետ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիները: