Ովքեր են կառավարում բուհերը․ խոստումներ, իրականություն և օրենքի նոր նախագիծ. Infocom | Region

Ովքեր են կառավարում բուհերը․ խոստումներ, իրականություն և օրենքի նոր նախագիծ. Infocom

Դեկտեմբեր 05,2024 14:59

Կուսակցական ազդեցություններից ազատ բուհեր ունենալու անհրաժեշտության մասին գործող կառավարող ուժը խոսում էր դեռ ընդդիմադիր ժամանակներից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման 6-րդ տարում, սակայն, Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներից 8-ը քաղաքական պաշտոնյաներ են, որոնցից 3-ը՝ կուսակցականներ։

«Ինֆոքոմը» պարզել է, թե ինչ պաշտոններ են զբաղեցնում և կառավարող ուժի հետ ինչպիսի հարաբերություններ ունեն այդ 12 պետական բուհերի կառավարման խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ-ի առաջադրած անդամները,  ինչպես նաև բուհերի ապակուսակցականացմանն ուղղված ինչ դրույթներ են առկա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում։

 

Ինչ էր հայտարարում կառավարող ուժն իշխանափոխությունից անմիջապես հետո

2018-ի ապրիլին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բուհերի խորհուրդներում կուսակցական անձանց առկայությունից, պնդում էր․ «Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ ․․․․ Որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինելու որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»։

2018-ի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնը, հայտարարեց՝ իրենք ոլորտը կարգավորող նոր օրենք են մշակում, և համաձայն այդ օրենքի՝ այլևս ոչ մի պետական պաշտոնյա չի լինելու բուհերի խորհուրդներում։ Նա շեշտում էր նաև այն հանգամանքը, որ տվյալ պահին (2018-ի վերջին) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ոչ մի անդամ բուհերի խորհուրդներում նախագահ չէր ընտրվել։

Այդ ժամանակ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ քննարկվում է կառավարության մարմինների մասնակցությունը բուհերի ղեկավարմանը նոր օրենքով 20-30% դարձնելու հարցը։ Նշենք, որ գործող օրենքով բուհի խորհրդի 25%-ին առաջադրում է վարչապետը` կառավարման մարմիններից, 25%-ին՝ ԿԳՄՍՆ-ն՝ տարբեր ոլորտներից, այսինքն՝ խորհրդի անդամների կեսին առաջադրում է կառավարությունը։

2019-ին, երբ Հովհաննես Հովհաննիսյանն արդեն 7-րդ գումարման Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ (Հովհաննես Հովհաննիսյանն անկուսակցական է), ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Մենք էլ ենք ուզում՝ քաղաքականությունից զերծ միջավայր լինի, և դրա համար որևէ նախարար չդարձավ հոգաբարձուների խորհրդի նախագահ և չընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի անդամների մեջ, և մաքսիմում փորձ էինք անում զերծ պահել մարդկանց հոգաբարձուների խորհրդից: Բայց ինձանից լավ գիտեք կարգը, որ 25%-ն ընդգրկվում է կառավարությունից։ Հիմա ընկած ման էինք գալիս՝ ով իշխող կուսակցության անդամ չէ: Եթե նայեք հոգաբարձուների խորհրդի անդամների կազմը, կտեսնեք բավականին մեծ թվով հանրապետականներ, դաշնակներ, կտեսնեք և այլ կուսակցություններ»:

Ինչպես  են ներկայումս ձևավորվում  բուհերի խորհուրդները

2019-ի դրությամբ գործում էր (և այժմ էլ շարունակում է գործել) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը։

Օրենքը սահմանում է, որ բուհի խորհուրդը ձևավորվում է պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի (այսինքն՝ կառավարության), լիազորված մարմնի (այսինքն՝ ԿԳՄՍՆ-ի) ներկայացուցիչներից: Անդամների թիվն առնվազն 20 է։

Ըստ Կառավարության սահմանած՝ բուհի խորհրդի ձևավորման կարգի՝ խորհրդի 25%-ը կազմում են պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները, 25%-ը՝ ուսանողության կողմից ընտրված անդամները, 25%-ը՝ հիմնադրի անունից վարչապետի առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, և 25%-ը՝ լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ-ի) առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Խորհուրդն իր կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից) ընտրում է նախագահ, որը  չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող, սակայն այդ բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը։

Բուհի խորհրդը հաստատում է բուհի բյուջեն, ռազմավարական ծրագրերը, իրականացնում է ռեկտորի ընտրությունը, բուհի գործունեության տարեկան հաշվետվության գնահատումը և այլն։

 

Կուսակցականները գնացին բուհեր՝ ապակուսակցականացնելու դրանք

2020-ից սկսած՝ Հայաստանի բուհերում հաստատվեցին հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր, որոնք գործում են մինչ օրս։ 2021-ին հատկապես աղմուկ բարձրացրեց այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրեց ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանին, որը նաև ընտրվեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Ի պատասխան քննադատությունների՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2020 թ․ իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն՝ մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90%-ը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»։

Կուսակցականների՝ բուհերի խորհուրդներ գնալուց հետո էլ, սակայն, կառավարությունը շարունակում էր խոսել ապակուսակցական կրթական միջավայրից։ 2022-ին ընդունված «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրն», օրինակ, խոստանում է Հայաստանում ապահովել կուսակցական ազդեցություններից ազատ կրթական միջավայր։

«Հասարակական-քաղաքական իրավիճակը, որի պայմաններում մշակվել է սույն Ծրագիրը, էականորեն տարբերվում է մինչ այս գոյություն ունեցած իրավիճակներից, քանի որ ներկայում առկա են քաղաքական կամք և հստակ նպատակադրում` ձևավորելու իրապես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող, կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ և նախաձեռնող, խնդիրներ սահմանող և դրանք լուծող, ներառական, ստեղծարար և արդյունավետ կրթական միջավայր բոլորի համար»,- ասվում է ծրագրի ներածության մեջ:

«Ինֆոքոմն» ուսումնասիրել է Երևանում գործող պետական 12 բուհերի խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամների կենսագրությունը։ Մեր հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ հիմնադրի (Հայաստանի Հանրապետության) անունից վարչապետի առաջադրած 60 անդամներից 13-ը կամ մոտ 22%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, 3-ը կամ 5%-ը՝ քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ անդամ է, ևս 3-ը կամ 5%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ աջակից կամ փոխկապակցված անձ է, իսկ 9-ը կամ 15%-ը ՔՊ աջակից է կամ փոխկապակցված անձ (բոլորը միասին՝ մոտ 47%)։

ԿԳՄՍՆ առաջադրած 60 անդամներից 7-ը կամ մոտ 11,6%-ը պետական համակարգի աշխատող է, 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ նախկին քաղաքական պաշտոնյա և ՔՊ փոխկապակցված անձ, 2-ը կամ 3․4%-ը՝ ՔՊ համակիր կամ փոխկապակցված անձ, իսկ 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ քաղաքական պաշտոնյա և ՔՊ  անդամ (բոլորը միասին 18․3%)։

Տվյալներն՝ ըստ առանձին բուհերի, կարող եք տեսնել սահիկաշարում (պատկերներն ամբողջությամբ տեսնելու համար մեծացրեք սահիկաշարը)։

Հետաքրքիր է նաև այն, որ բուհերի խորհուրդներում կան կրկնվող անդամներ․ 11 պաշտոնյաներ, որոնցից 3–ը քաղաքական պաշտոն են զբաղեցնում, խորհրդի անդամ են միանգամից մի քանի բուհում։

Իսկ խորհուրդների նախագահների 67%-ը քաղաքական պաշտոնյա է։

Այսպիսով, անկախ մինչև 2018-ի իշխանանափոխությունը և իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո հնչած քաղաքական հայտարարություններից, այսօր փաստացի բուհերի խորհուրդներում կան և՛ քաղաքական պաշտոն զբաղեցնողներ, և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ (այդ թվում՝ ՔՊ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնող), և՛ ՔՊ աջակիցներ կամ ՔՊ-ականներին փոխկապակցված անձինք։

Ավելին՝ Հովհաննես Հովհաննսիյանը, որը զբաղեցրել է քաղաքական պաշտոններ, այդ թվում՝ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ԵՊՀ ռեկտորն է։

2023-ի մարտին, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին լրագրողները հարցրին բուհերն ապակուսակցականացնելու հայտարարություններից հետո խորհուրդներում կուսակցական անձանց հայտնվելու մասին, նախարարը պատասխանեց․ «Ի՞նչ նկատի ունենք, երբ որ ասում ենք որևէ հաստատության կուսակցականացվածություն․ արդյո՞ք դրանով մենք նկատի ունենք, որ ոչ մեկը  տվյալ հաստատությունում չպետք է լինի որևէ կուսակցության անդամ։ Դա չի՛ կարող ուղղակի էդպես լինել, որովհետև մարդու իրավունքն է լինել կուսակցական կամ չլինել կուսակցական, և որևէ մեկը չի կարող ասել, որ, օրինակ, մեր ոչ մի ուսուցիչ չպիտի պատկանի որևէ կուսակցության, որ կրթության ոլորտի ոչ մի աշխատակից չպիտի կուսակցության անդամ լինի։ Կապ չունի՝ որ կուսակցության»։

Նախարարը մանրամասնեց՝ երբ խոսում են կրթական հաստատությունների կուսակցականացվածության մասին, նկատի ունեն այն դեպքերը, երբ այդ հաստատություններում լծակներ են գործադրվում որևէ կուսակցության օգտին գործունեություն ծավալելու ուղղությամբ։

«Օրինակ՝ ուսանողների տվյալներ հավաքագրվեն, և այդ ուսանողները որևէ կուսակցության հավաքներին, քարոզչական միջոցառումներին [մասնակցեն]։ Էլ չեմ խոսում ընտրությունների մասին։ ․․․․ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ իմաստով բուհերը կուսակցականացված չեն։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես ոլորտի՝ այս պահի ղեկավար․ որևէ բուհի առջև չկա՛ դրված քաղաքական խնդիր, կուսակցական խնդիր ու չի՛ կարող դրված լինել»,- նշեց նա։

Նախարարի այս հայտարարությունից շատ չանցած՝ 2023-ի սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը նաև Պոլիտեխնիական համալսարանի հոգաբարձուների խորհդի նախագահն է, ընտրություններից երկու օր առաջ այցելեց այս համալսարան։ Դեպքի մասին ահազանգեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը, որի տեղեկություններով ուսանողներին հայտնել էին՝ Ավինյանի հետ  հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։ Դիտորդական առաքելությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Ավինյանը Պոլիտեխնիկական համալսարանի վերելակների խնդրի լուծման համատեքստում հնչեցնում իրենց նախընտրական կարգախոսը․ «Արդեն ասել էիք, մենք արդեն անում ենք»։

2023-ի ավարտին ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին «Ինֆոքոմը» հարցրեց, թե ինչպես է կառավարությունը սպասվող փոփոխություններով բուհերում ապահովելու կուսակցական ազդեցությունից զերծ կրթական միջավայր, երբ հոգաբարձուների խորհուրդներում առաջադրվում են կուսակցական անձինք։ Սարգիս Հայոցյանը նախ նշեց, որ այդ մարդիկ բուհեր չեն գործուղվել որպես կուսակցության ներկայացուցիչներ, իսկ բուհերում «կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց չկա»։

«Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե կուսակցականացման վտանգ կարող է լինել, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանեց՝ իրենք ուսումնասիրում են, թե միջազգային պրակտիկայում օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ կան, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը։

«Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ»,- ասաց Սարգիս Հայոցյանը։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նորություններ