Գերիների վերադարձի հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․Եղիշե Կիրակոսյան

ՄԻԵԴ-ն ու Հաագայի դատարանը, ինչպես ասում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է
Այս պահին Ադրբեջանը Հայաստանի դեմ միջազգային երկու դատարաններում՝ ՄԻԵԴ-ում եւ արդարադատության միջազգային դատարանում հայցեր ունի, և կա երկու արբիտրաժային գործընթաց։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Այս պահի դրությամբ նոր հայց Ադրբեջանի կողմից չկա ներկայացված», – ասաց Կիրակոսյանը։
Լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀ-ն պատրաստվում է Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչել, ինչպես Փաշինյանն էր ասում, որ «Խաղաղության պայմանագրի» համար դա կարելի է անել երկուստեք՝ եթե Ադրբեջանն էլ հրաժարվի հայցերից, Կիրակոսյանը պատասխանեց՝ Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,-նշեցԿիրակոսյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե վեճ է եղել իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, և ինքը դեմ է արտահայտվել միջազգաին հայցերից հրաժարվելու դիրքորոշմանը, Կիրակոսյանն ասաց․«Չեմ կարող մեկնաբանել։ Ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել դա: Իմ անձնական կարծիքը հիմա չեմ կարող հայտնել: Այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են մեր հայցերը, գործերի քննությունը, շարունակվում է այն ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ է մեր հայցերի քննությունը ապահովելու համար»:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձման հարցին, Կիրակոսյանն ասաց․«Գերիների վերադարձի հարցը գիտեք, բարձրացրել ենք, բայց դա ավելի շատ քաղաքական հարթակներում քննարկվող հարց է, իրավական գործընթացները ավելի շատ երաշխավորում են այնտեղ պահվող անձանց նկատմամբ իրավական երաշխիքների ապահովումը: Արդարադատության միջազգային դատարանն ու Եվրոպական դատարանը, ցավոք սրտի, համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է»։
Նա նշեց, որե գերիների վերադարձի հարցը, ցավոք, ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է։