«Մոտեցումը փոխել ենք, մաս-մաս առաջ ենք գնում՝ չսպասելով ամբողջական օրենքի ընդունմանը»․նախարարը՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին
Անաիտ Ավանեսյանն ասում է՝ 2025 թվականի բյուջեում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման առաջին փուլի ֆինանսական հատվածն արտահայտված չէ, քանի որ համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական, նաև ծրագիրը սկսելու ժամկետի առումով որոշակի վերապահումներ կան
Բժշկական ապահովագրության ներդրման ռեֆորմը շատ ծավալուն է, դրա համար շատ մեծ ֆինանսական միջոցներ են ներգրավվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա ներկայացմամբ՝ համապարփակ ապահովագրության ներդրման առաջին փուլի ֆինանսական հատվածն եկող տարվա պետական բյուջեում արտահայտված չէ, քանի որ համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական, նաև սկսելու ժամկետի մասով որոշակի վերապահումներ կան:
Նախարարի խոսքով՝ բարեփոխումը շատ ծավալուն է և բարդ, մեծ ֆինանսական միջոցներ են ներգրավված լինելու․«Մենք հասկանում ենք, որ լրացուցիչ աշխատանքները դեռ ամփոփման փուլում են: Այս մասով պետք է ասեմ, որ հստակ է քաղաքական խոստումը և մոտեցումը, որ մեր երկիրը պիտի գնա ապահովագրական համակարգի, որպեսզի հասցեագրի մեր ժողովրդի առողջական խնդիրները, ապահովի հասանելիությունը ծառայությունների, բերի ծախսված միջոցների ավելի էֆեկտիվության»:
Նա ասաց՝ քանի որ մեր երկրում չկա առողջապահական ծառայությունների ամբողջական ցիկլ, դրանք հատվածական որոշակի պետական ծրագրեր են, ուստի չենք կարող խոսել ծրագրի ընդհանուր արդյունավետության մասին․«Հայաստանում կապիտալ ներդրումները մարդու կրթության և առողջության մասով առաջնահերթ են, ուստի մենք հետևողական շարունակելու ենք մեր աշխատանքը, որպեսզի համակարգը ներդրվի»։
Ավանեսյանի ներկայացմամբ՝ կոնցեպտի եւ մոտեցումների առումով փոխըմբռնում կա, սակայն հնարավոր ռիսկերի հասցեագրման առումով դեռ հարցեր կան, դրանք աշխատանքային կարգով քննարկվում են․«Պետք չի պատկերացնել, որ ապահովագրության ներդրումը ինչ-որ մի կետ է, որ մինչև այդ ոչինչ չի արվում, ինչ-որ մի կետից է ներդրվում: Մենք մի քիչ մոտեցումը փոխել ենք: Մենք ապահովագրության կտորները պետական պատվերի շրջանակներում մաս-մաս ներդնելով գնում ենք բարեփոխման։ Մեր կողմից արդեն հիմնադրամի ձևավորման նախագիծը շրջանառվում է, օրենսդրական փաթեթը նաև ԱԺ-ի կողմից որոշակի առաջարկություններով վերադարձվել է և կոնցեպտուալ ընդունվել է, բայց իհարկե պատկերացնում ենք, որ երբ գնա ԱԺ, այնտեղ էլ որոշակի քննարկումներ կլինեն: Հիմա հետևողականորեն մաս-մաս առաջ ենք գնում՝ չսպասելով ամբողջական օրենքի ընդունմանը»։
Առողջության համապարփակ ապահովագրության վերջանական և ամբողջական ներդնելու ժամկետի մասին էլ նախարարն ասաց՝ օրենքի ընդունումից 6 ամիս հետո կսկսվի առաջին փուլը: