«Զանգեզուրի միջանցքի» ցամաքային տարբերակը չեն իրագործելու». միջազգայնագետ
«Եվրոպական ու ամերիկյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվելու այնքան ժամանակ, մինչև տարածաշրջանային պետություններն ազդանշան չտան, որ պայմանագիրը ստորագրելու ժամանակն է»,-REGIONS TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի հեռանկարին։
«Կարծես ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն իր վերջին ելույթում ազդակ տվեց, որ կողմերը մոտ են երկաթուղային հաղորդակցությունների վերաբացմանը: Մյուս կողմից ադրբեջանցիներն ասում են, որ Արաքս գետի վրա կամուրջ են կառուցում, սա նշանակում է ՝ Թուրքիայից ապրանքը մտնելու է Նախիջևան, Իրանով դուրս գա: Այսինքն, «Զանգեզուրի միջանցքի» ցամաքային տարբերակն իրենք չեն իրագործելու այնպես, ինչպես ցանկանում էին»,-նշեց Բալասանյանը:
Միջազգայնագետի խոսքով՝ Երևան-Բաքու պայմանագիրը կստորագրվի այն տեսքով, որն ընդունելի կլինի Իրանի ու Ռուսաստանի համար։
«Թուրքիան, մտնելով Սիրիայում արկածախնդրության մեջ, իմ կարծիքով, կորցրեց Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունենալու կամ մասնակից լինելու հնարավորությունը»,-ընդգծեց Գրիգոր Բալասանյանը: