Ալավերդիում ջրհեղեղից տուժած վթարային տների սեփականատերերը նախնական սահմանված փոխհատուցումից կրկնակիից ավելի գումար կստանան
Գործադիրն այսօր ընդունեց որոշում, ըստ որի Ալավերդի համայնքի վթարային շենքի կամ վթարային անհատական տան փոխհատուցման չափսը 1 քմ-ի դիմաց սահմանված 63400 դրամի փոխարեն սեփականատերերը կստանան 1 քմ-ի դիմաց 148 050 դրամ։
Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը ջրհեղեղի հետևանքով վթարային դարձած բնակարանների և անհատական տների սեփականատերերին տրամադրվող վնասի փոխհատուցման չափսը փոխվում է։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով սահմանավում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի վթարային շենքի կամ վթարային անհատական տան փոխհատուցման չափսը 1 քմ-ի դիմաց սահմանված 63400 դրամը դարձնել 148 050 դրամ։
Նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ ուսումնասիրությամբ, ինչպես նաև համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ Ալավերդիում 1 քմ-ի դիմաց սահմանված 63400 դրամով հնարավոր չի եղել համարժեք բանակարաներ գնել, վթարային քանդման ենթակա շենքի բնակիչները չեն կարողացել ծրագրի շահառու դառնալ։
Ըստ նրա՝ փոխհատուցման չափի համար հիմք է սահմանվում բնակարանի ընդհանուր մակերեսն ու Կադաստրի կոմիտեի 2024 թվականի հունիս ամսին մարզերում վաճառված բնակարանների շուկայական միջինացված գինը։
Այսինքն, նոր փոփոխությամբ առաջարկվում է 1քմ-ի դիմաց փոխհատուցում դրամադրել 148 050 դրամ, իսկ եթե սեփականատերը տրամադրվող փոխհատուցման գումարից ավելի էժան տուն կամ բնակարան գնի, ապա ավել գումարով, ինչպես ներկայացրեց նախարարը, ավել գումարը կարող են ծախսել բնակարանի նորոգման կամ կենցաղային առաջին անհրաժեշտության տեխնիկա կամ իրեր գնելու համար։
Դիմումների վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 1-ն է, ծրագրի շահառու է 25 ընտանիք։
Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից տրամադրվել է 150 մլն դրամ լրացուցիչ գումար։
Խոսքը Ալավերդու Սանահին թաղամասի մեկ վթարային շենքի և մի քանի անհատական տների մասին է։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը տեղեկացրեց, որ վթարային շենքերը պետք է քանդվեն, բնակիչները տեղեկացվել են՝ մինչև դուրս չգան իրենց տներից, փոխհատուցումը չի տրամադրվելու։
Փոխհատուցման չափի հետ կապված որոշ դժգոհություններ կան, մարզպետի խոսքով՝ որոշ մանր-մունր խնդիրներ, մարդիկ կան, որոնց բնակարանները մի քիչ ավելի լավ են վերանորոգված եղել, բայց չեն կարող էդպես մանրամասն դնել ստուգել, թե վերանորոգումն ինչ գումարի սահմանում է եղել։