Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների պաշտոնապես ներկայացրած խաղաղության բոլոր, այդ թվում՝ 2019-ի հունիսի, պլաններն ու հայկական կողմի պատասխանները
Դեկտեմբեր 25,2024 21:38
ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների մասին բանավեճի հրավերին։
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է․« Նիկոլ Փաշինյանին
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։
Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։