Հաստատվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը․նախատեսվում է համայնքներում զբաղվածությունը հասցնել մինչև 60.7%-ի
Կառավարությունը վստահեցնում է՝ ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թ. կկազմի մինչև 19.6%՝ 2022 թվականի 35%-ի փոխարեն
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը:
Փաստաթուղթը սահմանում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։
Ծրագրի հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք, որի շրջանակներում կատարվել է` աշխատուժի պրոֆիլավորում, աշխատաշուկայի միտումների վերլուծություն, զբաղվածության քաղաքականության քարտեզագրում և արդյունավետության ուսումնասիրություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն: Ծրագրի տեսլականն է` զբաղվածության աճը մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:
Ծրագրի շրջանակներում սահմանվել են հետևյալ ռազմավարական նպատակները` մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով, զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:
Ըստ հիմնավորման՝ ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են հետևյալ ազդեցության ցուցանիշները, մինչև 2031 թ. զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող համայնքներում կհասնի մինչև 60.7% (2022 թվականի 51.2%-ի փոխարեն), ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թ. կկազմի մինչև 19.6% (2022 թվականի 35%-ի փոխարեն): Նախատեսվում է նաև, որ զբաղված կանանց մասնաբաժինը ՀՀ կին 15-74 տարեկան աշխատանքային ռեսուրսների նկատմամբ կաճի` հասնելով մինչև 50.9% (2022 թվականի 41.5%-ի փոխարեն), թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմի մինչև 166.55 հազար մարդ՝ 2022 թ. համեմատ նվազելով մինչև 50.8%-ով և կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7%-ը՝ 2022 թվականի 15%-ի փոխարեն։ Զբաղվածությունը մինչև 2031 թ. կգերազանցի աշխատանքային ռեսուրսների մինչև 60%-ը և կավելանա 252 հազար մարդով՝ հասնելով մինչև 1,409 հազարի։ Զբաղվածության ծրագիրն էական ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա, որը մինչև 2031 թ. կնվազի` հասնելով մինչև 19 %-ի։
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փաստաթուղթը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող զբաղվածության ոլորտի զարգացան տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը: «Եթե խոսում ենք ՀՀ-ում գործազրկության մասին, պետք է նկատենք, որ այստեղ ունենք 2 բնույթի գործազրկություն, առաջինը՝ կառուցվածքային, երկրորդը՝ ցիկլիկ: Պատճառները տարբեր են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք մի շարք խնդիրներ, հատկապես՝ պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի համարժեք գիտելիքի՝ փափուկ և մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից, արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար»,-ասել է նախարարը:
Ըստ նախարարի՝ օգտագործվող կամ պոտենցիալ աշխատուժի մարտահրավերը 2022 թ.-ին կազմել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների 15 տոկոսը կամ 339 հազար մարդ: «Մի կողմից այս ցուցանիշը վկայում է չիրացած ներուժի մասին, որը մրցունակ աշխատանք ունենալու պարագայում կարող է նշանակալի ավելացված արժեք ստեղծել տնտեսության մեջ, մյուս կողմից՝ աշխատանքի բացակայությունը, որը բերում է աղքատության ավելացման»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:
Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետը նշել է, որ ամենակարևորը համախմբված ռազմավարական նպատակն է. «Մենք ստեղծենք ոչ թե մեխանիկական աշխատատեղեր, այլ արդյունավետ աշխատատեղեր: Եթե մեր ստեղծած կամ խթանված աշխատատեղն արդյունավետ չլինի, չենք ունենա կայուն լուծումներ, աշխատատեղեր»: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ մրցունակ աշխատատեղի համար նաև պետք է ապահովել մրցունակ կրթություն և ձևավորել խթանների այնպիսի համակարգ, որպեսզի իրոք ստեղծվի աշխատատեղ, որը ոչ միայն զբաղվածություն, այլև կարիերա է ապահովում թիրախային խմբի ներկայացուցիչների համար:
ՀՀ վարչապետի աշխատակազմ