Վտանգավոր եւ վնասակար աշխատանքային պայմաններ․գյուղոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքներն ամեն օր խախտվում են | Region

Վտանգավոր եւ վնասակար աշխատանքային պայմաններ․գյուղոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքներն ամեն օր խախտվում են

Դեկտեմբեր 27,2024 21:40

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահն ասում է՝ գյուղատնտեսությունում աշխատողների մեծ մասն վտանգավոր պայմաններում է աշխատում՝ երկար տարիներ կիզիչ արեւի տակ, առանց գլխարկի, առանց նորմավորված աշխատանքային ռեժիմի  ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում։ Հետո այդ մարդկանց մոտ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս՝ քաղցկեղ, սիրտ-անոթային, տրմոբոզ և այլ հիվանդություններ

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներգրավված աշխատողները  ամենախոցելի խմբերից են։ Այս ոլորտում շատերն աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի, չնորմավորված գրաֆիկով և ոչ պատշաճ պայմաններում։

Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միությունը ՀՀ  7 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Շիրակ, իրականացրած հետազոտությամբ  պարզել է ոլորտի խնդիրները՝ ոչ ֆորմալ աշխատանք՝ ինքնազբաղվածներ, չգրանցված աշխատողներ, կարճաժամկետ՝ սեզոնային աշխատանքային հարաբերություններ, ոլորտային վերահսկողության բացեր, չնորմավորված կյանքի գրաֆիկ, առողջության համար վտանգավոր եւ վնասակար պայմաններ, սոցիալական երաշխիքների  բացակայություն և այլն։

Ագրոարհմիության հետազոտությանը մասնակցած 450 հարցվածների 54%-ը կանայք են, 46%-ը՝ տղամարդիկ:

Այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաներ մշակող հարցված գյուղացիների մեծ մասն օգտագործում է ագրոքիմիկատներ, որոնք պարունակում են Գլիֆոսատ, հետազոտությունը պարզել է, որ շատերը թունաքիմիկատների կիրառման ընթացքում չեն պահպանում օգտագործման և աշխատանքի անվտանգության կանոնները:

Ըստ հետազոտության՝  հիմնականում հարցվածները չեն իմացել, թե ինչ թունաքիմիկատ են օգտագործում, նշել են, որ գնում են այն, ինչ առաջարկում է վաճառողը:

Հարցվածների 77.17%-ը մոլախոտերի և անցանկալի բույսերի դեմ պայքարի համար օգտագործում են Գլիֆոսատ, Ուրագան, Տորնադո, Ռաունդափ,  Մերի 505,  Լեոն  և այլ թունաքիմիկատներ։

Այս թունաքիմիկատները, որոնք վաճավում են նաև Հայաստանում, Գլիֆոսատ  (N-(ֆոսֆոնոմեթիլ)-գլիցին) են պարունակում։    Մասնագետները պնդում են՝ Գլիֆոսատ պարունակող թունաքիմիկատների օգտագործումը վնասակար է և վտանգավոր գյուղաշխատողի առողջության անվտանգության տեսանկյունից։

Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ևս ահազանգում է Գլիֆոսատի վտանգավորության մասին՝ հղում  անելով միջազգային կազմակերպությունների հետազոտություններին։
«Գլիֆոսատը թունավոր է մարդու համար: «Ռաունդապ»-ի ազդեցության հետ է կապված ոչհոջկինյան լիմֆոմաների, երեխաների մոտ հորմոնալ խանգարումների առաջացումը, տեստոստերոնի մակարդակի իջեցումը, լյարդի քաղցկեղի, մենինգիտի, անպտղության, մաշկի և երիկամների քաղցկեղի առաջացումը»:

Կազմակերպության հրապարակած հետազոտության մեջ նշվում է՝ մշակումից հետո այս թունաքիմիկատը չի քայքայվում, ռաունդապը հատկապես վտանգավոր է ստորերկրյա ջրերի համար․«Գլիֆոսատի կիրառումից հետո մշակաբույսերում դեռ երկար ժամանակ հայտանբերվում են դրա մնացորդային քանակները»։

Արարատի մարզի ջերմոցատերերից մեկը մեզ հետ զրույցում պատմում է՝ օգտագործում է այն թունաքիմիկատը, որը փորձել են, հատուկ մասնագիտական խորհրդատվության սովորաբար չեն դիմում․«Դե մենք արդեն գիտենք՝ որն ա արդյունավետ, դա էլ առնում ենք»։

Ագրոարհմիության հետազոտության համաձայն՝ հարցվածների 47%-ը օգտագործում են տվյալ թունաքիմիկատը՝ առավել արդունավետ լինելու պատճառով, 11%-ը նշել է՝ տվյալ նյութի օգտագործման պատճառը հիմնականում այլընտրանքի բացակայությունն է:

Թունաքիմիկատները կիրառելիս հատուկ համազգեստը, պաշտպանիչ միջոցները պարտադիր են, սակայն մեզ հետ զրուցած Ներքին Դվինի մի քանի հողաօգտագործողներ ասում են՝ ինչ ունեն, դա էլ հագնում են ու մտնում ջերմոց կամ հողատարածք, հատուկ համազգեստ չունեն։

«Կոշիկներս եմ փոխում, ձեռնոց եմ հագնում, հա, մեկ էլ դիմակ եմ դնում։ Հերիք է էլի։ Մտածում եմ՝ էդ նյութը եթե նորմալ չի ազդում մշակաբույսի վրա, մեր վրա էլ չի ազդի»,-ասում է գյուղացիներից մեկը։

Այս համայնքի բնակիչներից մի քանիսը, որոնք սեփական ջերմոցներ ունեն, Ագրոարհմիության անդամ են։ Ասում են՝ արհմիությանն անդամակցելն օգտակար է, քանի որ կարողանում են իրենց հանդիպած խնդիրներն անմիջապես արհմիության հետ քննարկել, լուծումներ գտնել։ Մեզ հետ զրույցում, սակայն, նրանք ևս նշեցին, որ թունաքիմիկատի կիրառման համար խորհրդատվության հազվադեպ են դիմում։

 

Ագրոարհմիության հետազոտության տվյալներով՝ թունաքիմիկատների կիրառման ընթացքում հարցվողներն օգտագործում են անհատական պաշտպանիչ  որոշ միջոցներ՝ 332-ը նշել են ձեռնոց, 269-ը՝ դիմակ, 103-ը՝ համազգեստ(այլ հագուստ), 48-ը՝ այլ պարագիներ (գլխարկ, ակնոց, ռետինե կոշիկ), 32-ը նշել է, որ ոչ մի պաշտպանիչ միջոց չի օգտագործում թունաքիմիկատների հետ աշխատելիս:

 

Ագրոարհմիության ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում ասում է՝ ամբողջ աշխարհում շատ կարեւոր խնդիր է գյուղատնտեսության ոլորտի աշխատողների առողջ եւ անվտանգ աշխատանքը, ուստի ագրոարհմիությունը ուսումնասիրել է ոլորտը, վերհանել խնդիրները։

Հասմիկ Ջհանգիրյան

«Թունաքիմիկատների հստակ չափաբաժինները շատ կարևոր են, քանի որ դրանց ավելցուկը գյուղմթերքը ոչ մրցունակ է դարձնում, հատկապես եթե այն պետք է արտահանվի։ Բացի այդ, թունաքիմիկատները սահմանված չափաբաժնից ավելին  օգտագործելու դեպքում նաև բնակչության առողջությունն է վտանգում»,-ասում է Ջհանգիրյանը։

Նրա ներկայացմամբ՝ ագրոարհմիության ջանքերի շնորհիվ թունաքիմիկատների վաճառքի ոլորտոում որոշակի առաջընթաց կա, հիմա տեսչական մարմինը՝ ՍԱՏՄ-ն  ականջալուր է լինում արհիմության վերհանած խնդիրներին, հնարավորինս  վերահսկում է վաճառքը․«Միասին աշխատում ենք, իհարկե, դեռ հնարավոր չէ ամբողջ հանրապետության տարածքում վերահսկողություն իրականացնել, բայց կարևորն այն է, որ արդեն գործընթացը սկսվել է»։

Այդուհանդերձ, նա նշում է, որ վտանգավոր թունաքիմիկատները գյուղացիները սովորաբար իրարից  իմանալով, ճշտելով են սկսում օգտագործել, դրանք կիրառելիս մասնագիտական մոտեցում չկա՝  ձեռք են բերում տեղի խանութից՝ հարեւանի կամ խանութի աշխատակցի խորհրդով։

Ջհանգիրյանն ասում է՝ հիմա շատերը սկսել են փոխել իրենց վարքագիծը, որովհետև Ագրոարհմիությունը պարբերաբար  հանդիպումների ժամանակ ներկայացնում է գյուղացիներին, թե ինչպես պետք է աշխատել թունաքիմիկատների հետ․« Երկար ժամանակ է՝ իրազեկում ենք գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում ինչպես ճիշտ օգտագործել թունաքիմիակտները, ինչ չափաբաժնով, ինչ պաշտպանիչ ինչ միջոցներ օգտագործել։ Մենք մեր հրապարակած տեղեկատվական գրքույկները նաև տրամադրում ենք մասնագիտական կրթօջախներին, մարզեր այցերի ժամանակ գյուղացիներին ենք տալիս։ Ամեն կերպ փորձում ենք մարդկանց իրազեկվածությունը բարձրացնել»։

Տիրուհի Նազարեթյան

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը մեզ հետ զրույցում ասում է՝ գյուղոլորտում ներգրավված անձանց իրավունքների, աշխատանքային պայմանների բարելավման և իրավունքների լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ է վավերացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ-ի 2 կոնվենցիաները։ Դրանցից մեկը՝ 129 կոնվենցիան, վերաբերում է տեսչական վերահսկողությանը գյուղատնտեսության ոլորտում, մյուսը՝ 184-րդ կոնվենցիան է՝ «Հիգիենան և աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսությունում»։  Այս կոնվենցիաներն անդրադառնում են գյուղաշխատողների արժանապատիվ աշխատանքային պայմաններին, գյուղաշխատողների կարգավիճակին, օրինակ՝ աշխատաժամանակի սահմանմանը, նաև՝ գյուղաշխատողների առողջության հետ կապված խնդիրներին։

Չնայած Արհմիությունների կոնֆեդերացիան տարիներ շարունակ պայքարում է, որպեսզի մեր պետությունն այս կոնվենցիաները վավերացնի, սակայն կառավարությունը չի շտապում։

«Պետությունը խուսափում է ընդունել այս կոնվենցիաները, քանի որ եթե ընդունի, պարտավորություն է ձեռք բերելու՝ ազգային օրենսդրական դաշտը պետք է փոխի,  պետք է ապահովի գյուղատնտեսությունում զբաղվածների աշխատանքի անվտանգ պայմանները եւ մի շարք այլ պարտավորություններ»,-ասում  է Նազարեթյանը։

Թե ինչու է կառավարությունը ձգձգում վավերացումը, փորձեցինք այս և այլ հարցեր պարզել Էկոնոմիկայի նախարարությունից։ Սակայն մեզ նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոլորտը համակարգող փոխնախարարներն առայժ չեն կարող այս թեմայով հարցազրույց տալ։

Գյուղոլորտում բազմաթիվ խնդիրներին գումարվում են նաև աշխատանքային վատ պայմանները՝ վարձու աշխատողները հաճախ համակերպվում են, չեն ցանկանում խոսել խնդիրներից, հազիվ աշխատանք են գտել, վախ կա, որ կկորցնեն գործը։

37-ամյա Մարինեն (անունը փոխված է), Արմավիրի մարզում է բնակվում, խնդրեց գյուղի անունը չնշել, հանկարծ չնույնականացնեն: Նրան սեզոնին հրավիրում են ծիրան, դեղձ, խաղող հավաքելու՝ օրավարձով, 5000, 6000, պատահել է նաև օրը 7000 դրամ է տվել հողի սեփականատերը։

Աշխատանքից գոհ է, թե՝ ոչ, չի պատասխանում, ժպտում է՝ փառք Աստծուն։

Ասում է՝ շատ ծանր աշխատանք է, օր է եղել՝ քիչ է մնացել, որ ուշաթափվի․«Բայց ընդհանուր առմամբ՝ վատ չի լինում, ուղղակի ահավոր ա՝ շոգին ժամերով, օրերով աշխատում ենք։ Բայց ինչ անեմ, ամուսինս տաքսի է քշում, մենակ իր աշխատավարձով չենք հասցնի, երեք երեխա ունենք»։

Գյուղում ինքնազբաղվածները, վարձու աշխատողները ծանր պայմաններում են աշխատում, կին աշխատողներն՝ առավելևս։

Տիրուհի Նազարեթյանն ասում է՝ այս ծանր աշխատանքային պայմաններն ուղղակի սպառնում են մարդու կյանքին եւ առողջությանը, շատ դեպքերում՝ վերարտադրողական առողջությանը․«Կանայք գյուղոլորտում առավել խոցելի են։ Մեծ է ինքնազբաղվածների թիվը, այսինքն՝ ոչ ֆորմալ աշխատողների թիվը։ Բնականաբար, նրանք չունեն ֆիքսված աշխատավարձ, չունեն պայմանագրեր եւ չունեն դրանից բխող սոցիալական երաշխիքներ։ Բարեբախտաբար, արհմիությունն  էլ ազդեցություն ունեցավ, որպեսզի չաշխատող կանայք  ստանան մայրության նպաստ»։

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահն ասում է՝ շատ կարևոր է առողջ ու անվտանգ աշխատանքը գյուղոլորտում, հատկապես ոլորտի առնաձնահատկության պատճառով, քանի որ հետևանքներն ի հայտ են գալիս ապագայում․«Երկար տարիներ կիզիչ արեւի տակ, առանց գլխարկի, առանց նորմավորված աշխատանքային ռեժիմի  ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում։ Հետո այդ մարդկանց մոտ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս՝ քաղցկեղ, սիրտ-անոթային, տրմոբոզ և այլն։ Պատճառահետևանքային կապը, որ հիվանդությունները աշխատանքի բնույթով են պայմանավորված, մեր երկրում չի հաշվարկվում, ոչ մի վիճակագրություն չի վարվում։ Մինչդեռ  արհմիությունները բարձրաձայնում են, որ այդպիսի աշխատանքի հետեւանքն է։ Նույնը թունաքիմիկատների օգտագործման դեպքում է։ Ընդ որում, կանանց համար, ֆիզիոլոգիայից ելնելով, աշխատանքային առնաձնահատուկ պայմաններ, ջրի հասանելություն է հարկավոր»։

Բացի այս, ինչպես Նազարեթյանն է ասում, աշխատանքային իրավունքի մեկ այլ տարածված խախտում կա՝ նրանք, ովքեր փաստացի աշխատում են, այսինքն՝  ձեւավորված են գործատու եւ աշխատող հարաբերություններ, շատ դեպքերում պայմանագրերը  պետք է լինեն սեզոնային, որը հաճախ չի կնքվում, այսինքն, անօրինական են աշխատում․«Եթե անգամ կնքվում է պայմանագիր, ապա նվազագույն աշխատավարձով՝ հարկերից խուսափելու համար, նրանք արտաժամ են աշխատում, որի համար հավելավճար պիտի լինի, սակայն օրենքի այս պահանջը հաճախ չի պահպանվում։ Նաև՝ գործատուն համազգեստ չի տրամադրում  կամ  անվտանգության «ինստրուկտաժ» չի անում»։

Պայմանագրեր չկնքելու պատճառով, ինչպես ասում է Նազարեթյանը,  դժվար է պաշտպանել այդ անձանց իրավունքները։

ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, պաշտոնական տվյալներով, ներգրավված է 230  հազարից ավելի մարդ, ևս ավելի քան 100 հազար մարդ զբաղվում է գյուղատնտեսությամբ միայն սեփական սպառման համար։  Հայաստանում զբաղված բնակչության մեկ հինգերորդը ներգրավված է առաջնային գյուղատնտեսությունում։ Կառավարության տվյալներով՝ 2020-ին առաջնային գյուղատնտեսության շրջանառության միայն 11%-ը և ոլորտում զբաղվածների միայն 5.3%-ն է եղել ֆորմալ գրանցված:  Իսկ սա նշանակում է՝ գյուղոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքներն ամեն օր խախտվում են։

Արհմիությունը միջնորդ է աշխատողի և գործատուի միջև՝  բանակցելու բարելավելու համար աշխատանքային պայմանները, պաշտպանելու իրավունքները։ Գյուղոլորտում խախտված իրավունքներին պահանջատեր լինելու համար կոլեկտիվ պայքար է անհրաժեշտ՝ արհմիությանն անդամակցելով։

«Արհմիությունը, որպես իրավունք ներկայացնող, սոցիալական քաղաքականության վրա ներազդող կառույց, այսօր մեր պետությանն առավել, քան երբեւէ անհրաժեշտ է, որովհետեւ պետության եւ աշխատող մարդու առջև ծառացած են մեծ խնդիրներ, որոնց լուծման համար  արհմիության գոյությունն անհրաժեշտություն է, սա արդեն ցանկություն չէ։ Անհրաժեշտ է, որպեսզի մեր հասարակությունում լինեն  աշխատողների ներկայացուցիչներ, իրենք պետության եւ գործատուների հետ միասին եռակողմ  ֆորմատով փորձեն շահերը փոխհամաձայնեցնել։  Քանի դեռ մենք մեր շահերը չենք փոխհամաձայնեցնում, մենք անընդհատ խնդիր կունենանք»,-ասում է Նազարեթյանը։

 

Նելլի Բաբայան

Նորություններ