Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
Դեկտեմբեր 28,2024 11:15
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Ամանորյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
- խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը.
- մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ.
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ.
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար.
- հագնվե´ք եղանակին համահունչ.
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
- հետևե´ք անձնական հիգիենային: