«Դաժե իրենց կանանց հետ են գալիս»․գյումրեցիների ռեստորանային նախընտրությունները․Ամանորը տա՞նը, թե՞ ռեստորանում նշել | Region

«Դաժե իրենց կանանց հետ են գալիս»․գյումրեցիների ռեստորանային նախընտրությունները․Ամանորը տա՞նը, թե՞ ռեստորանում նշել

Դեկտեմբեր 29,2024 20:05

Գյումրու ռեստորաններում Ամանորի գիշերը նշելու համար վաղուց արդեն ազատ տեղեր չկան, շատ երևանցիներն էլ գերադասում են Նոր տարին դիմավորել Գյումրիում   

Ամանորի գիշերը, թեև ընդունված է դիմավորել տանը, ընտանիքի հետ, սակայն վերջին տարիներին հայերի մոտ վարքագծային որոշակի փոփոխություն կա։ Շատերը գերադասում են Նոր տարվա գիշերն անցկացնել երկրից, քաղաքից դուրս, ռեստորաններում։

Ինչ նախընտրություն ունեն գյումրեցիները, փորձեցինք պարզել Գյումրու մի քանի ռեստորաններից։

Մի քանի ռեստորանների ներկայացուցիչներ REGIONSTV-ի հետ զրույցում վստահեցրեին, որ դեռ դեկտեմբերի կեսերից, որոշ դեպքերում նույնիսկ դեկտեմբերի սկզբից մարդիկ տեղեր են ամրագրել ռեստորաններում Ամանորի գիշերը տոնելու համար։

Որոշ ռեստորաններում մեկ շաբաթից ավելի է՝ ազատ տեղ չկա, սեղաններն արդեն ամրագրված են։ Կան ռեստորաններ, որոնք դեկտեմբերի 31-ին չեն աշխատում, և ինչպես դրանց ներկայացուցիչներից մեկն ասաց՝ ուզում են, որ աշխատակիցները Նոր տարին տանեցիների հետ նշեն։

Գյումրու «Վիկտորիա» ռեստորանի ներկայացուցիչը՝ Խաչատուր Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 31-ին չեն աշխատելու, ավելի կոնկրետ աշխատելու են, բայց միջոցառումը նախատեսված է մանկատան երեխաների և սոցիալապես անապահովների համար․«Այդ օրը մենք գումար չենք աշխատելու։ Ամեն տարի այդպես ենք անում, հյուրասիրություն, միջոցառում ու նվերներ ենք մատուցելու մանկատան երեխաներին, սոցիալապես անապահով մարդկանց»։

Եղոյանն ասաց, որ ռեստորանը կսկսի աշխատել հունվարի 5-ից, աշխատակիցներին հանգստյան օրեր են տրամադրում․«Թող էրթան տնեցոնց երեսը տեսնին, տեղից էլ շատ են աշխատում»։

Այս ռեստորանում, Եղոյանի խոսքով, այս օրերին տարբեր կոլեկտիվներ Ամանոր են նշում, ՀՀ այլ մարզերից էլ այցելուներ կան։

Եղոյանն ասաց՝ վերջին մի քանի տարիներին գյումրեցիների շրջանում փոփոխություն կա․«Դաժե իրենց կանանց հետ են գալիս, մենթալիտետի փոփոխություն կա, ընտանիքի հետ են գալիս»։

Նա նաև կիսվեց իր փորձով, պատմեց, որ անցած տարի ինքն Ամանորը նշել է Վրաստանում, ինչպես շատ հայեր․«Սահմանին էնպիսի խցանումներ էին, դե պատկերացրեք՝ ինչքան հայ էր գնացել Նոր Տարին էնտեղ նշելու»։

Գյումրու «Իգիթ» ռեստորանից էլ մեզ փոխանցեցին, որ Ամանորի գիշերվա համար սեղաններն արդեն ամրագրված են, նկատել են՝ տարեց տարի ավելանում են այն հաճախորդները, որոնք Շիրակի մարզի տարբեր համայնքներից են, որոնք գերադասում են դեկտեմբերի 31-ը նշել իրենց ռեստորանում․«Բայց մեծ մասը Երևանից են, նաև ռուսներ կան։ Գալա ընթրիք, շոու, գյումրեցի երգիչներ ու երաժիշտներ, թմբուկենրով շոու, անսահմանափակ սնունդ ու ալկոհոլ։ Մենք քաղաքում միակն ենք, որ նման գին ենք աաջարկում»։

Գյումրու մեկ «Հայաթ» ռեստորանից էլ մեզ վստահեցրին, որ իրենց այցելուների մեծ մասը Երևանից են, սեղանները վաղուց ամրագրված են․«Մեր փորձից ելնելով, կարելի է ասել, որ գյումրեցիներն էդքան էլ չեն սիրում դրսում նշել Նոր  տարին, չնայած վերջին տարիներին գյումրեցիները սկսել են Նոր տարին ռեստորաններում նշել։ Մեր հյուրերի մոտ 70%-ը Երևանից են, ամանորյա սեղանը մեկ անձի համար 40 հազար դրամ է»։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ