Առեղծվածային և ողբերգական դեպք Երևանում, հայտնաբերվել են անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը մահացել է
Օրեր առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկում հայտարարություն է տալիս նույն մարզի բնակիչ մի կին, ով հայտնում է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, որոնք սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։
Համայնքային ոստիկանության նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում , որ այդ աղջիկների հետ են եղել 2 տղա՝ Հարութ և Գարեգին անուններով, ովքեր Երևանում են բնակվում։ Արդեն դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերում են Կողբացի փողոցի շենքերից մեկում։
Հայտնաբերում են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվում և տեղափոխվում են Երևանի քրեական վարչություն։
Ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնում է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։
Կասկածյալներ Հարություն Ք․-ին և Գարեգին Ա․-ին ոստիկանությունից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով օրեր անց աղջիկներից մեծահասակը մահացել է։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին առեղծվածային ու ողբերգական այդ դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։