Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել | Region

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել

Հունվար 06,2025 21:16

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կառավարությունում ճգնաժամի և իր Լիբերալ կուսակցության ծայրահեղ ցածր վարկանիշի ֆոնին։ Այս մասին հայտնում է Euronews-ը:

Նա կշարունակի պաշտոնավարել երկրի վարչապետի պաշտոնում, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր ղեկավարին, մի գործընթաց, որը կարող է տևել մի քանի ամիս: Թրյուդոն Կանադայի կառավարությունը ղեկավարել է 9 տարի։

Իր ուղերձում Թրյուդոն հայտարարել է, որ ինքը մնում է «մարտիկ», բայց ընդգծել է, որ «այս երկիրն արժանի է իրական ընտրության»:

Լիբերալ կուսակցության նախկին առաջնորդն ասել է, որ հրաժարական տալու իր որոշումը պայմանավորված է կառավարական ճգնաժամով՝ ավելացնելով, որ եթե ինքը ստիպված լինի «ներքին մարտեր» մղել, դա լավագույն տարբերակը չի լինի կանադացիների համար:

Սեպտեմբերին անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների միայն 26%-ն է վարչապետի պաշտոնում ընտրելու Թրյուդոյին: Դա զգալիորեն ավելի քիչ է, քան Պահպանողական կուսակցության առաջնորդ, ընդդիմադիր թեկնածու Պիեռ Պաուլյևրի ցուցանիշը։

Ընտրությունները պետք է անցկացվեին մինչև այս տարվա հոկտեմբեր, սակայն Թրյուդոյի հրաժարականը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների:

Նորություններ