Բաքուն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին | Region

Բաքուն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Հունվար 07,2025 14:11

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ  Ռուսաստանը փոխել է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային հարաբերությունն ու աջակցել Ադրբեջանի գործողություններին։ Բաքուն այս հայտարարությունն որակել է «անհիմն, փաստերը խեղաթյուրող, սադրիչ»

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հունվարի 6-ին արած հայտարարություններին, նշելով, որ դրանք «անհիմն, իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններ են»։

Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ֆրանսիացի դիվանագետների առջև ելույթի ժամանակ խոսելով սպառնալիքների մասին, որոնց բախվում են ժողովրդավարությունները, այդ թվում՝ ընտրական գործընթացներին միջամտությունների՝ Ռուսաստանին, Իլոն Մասկին ու նաև Ադրբեջանին մեղադրել է նման միջամտության համար։

«Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում, մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար»,-ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է ագրեսին եվրոպացիների և մոլորակի մի զգալի մասի նկատմամբ ՝ նշելով՝ «Ռուսաստանը փոխել է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային հարաբերությունն ու աջակցել Ադրբեջանի գործողություններին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքելով Մակրոնին, ասել է․«Այժմ երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն իր իսկ տարածքների նկատմամբ,Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և զինում այս երկրին»։

Բաքուն Ֆրանսիային հորդորել է «վերջ տալ խաղաղությանը չծառայող ու տարածաշրջանում կայունությունը խաթարող քայլերին»։

Հաջիզադեն նաև ասել է․«Ադրբեջանը պատերազմը մղել է իր ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ բացառապես Հայաստանի կողմից օկուպացիային վերջ դնելու նպատակով»։

 

Նորություններ