Stratfor. «ԱՄՆ-ից աջակցություն ստանալու Հայաստանի փորձերը չեն հաջողի». Ազատություն
«2025 թվականին Միացյալ Նահանգներից լուրջ աջակցություն ստանալու Հայաստանի փորձերն անհաջողության կմատնվեն», – պնդում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները՝ նոր մեկնարկած տարվա հիմնական աշխարհքաղաքաղական կանխատեսումներին նվիրված զեկույցում։
«Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը», – նշում են ամերիկացի վերլուծաբանները։
«Փոխարենը Հայաստանը հիմնական շեշտը կդնի Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև կփորձի մեծացնել առևտրաշրջանառությունը ԵՄ հետ։ Արևմուտքի հետ քաղաքական և պաշտպանական աճող կապերը Հայաստանը կփորձի օգտագործել Ադրբեջանի՝ էսկալացիային ուղղված քայլերը զսպելու, Բաքվի առավել կոշտ պահանջներին՝ նախևառաջ Հայաստանի հարավային շրջաններով տարանցիկ ճանապարհ ստանալու պահանջին դիմադրելու համար», – նշում են զեկույցի հեղինակները։
Stratfor-ի փորձագետների համոզմամբ, 2025-ին Հարավային Կովկասը շարունակելու է աշխարհքաղաքական մրցակցության թատերաբեմ մնալ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը «բանակցային գործընթացում իրենց դիրքերն ամրապնդելու համար կշարունակեն արտաքին աջացկություն որոնել»։
«Հավանական է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն շարժվել խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ, սակայն տարաձայնությունները, որոնք վերաբերում են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, ամբողջական սահմանազատման և տարանցիկ ուղիների բացման մանրամասներին ըստ ամենայնի կարգելափակեն 2025 թվականին խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունները», – նշում են ամերիկացի վերլուծաբանները։
Stratfor-ի փորձագետները նաև համոզված են, որ Ադրբեջանն այս տարի ևս շարունակելու է իր ռազմական առավելությունն օգտագործել որպես լծակ բանակցային գործընթացում։
«Ադրբեջանն ու Հայաստանը կխուսափեն Մոսկվային հակազդելուց՝ Ուկրաինայում կրակի հնարավոր դադարեցումն և Վրաստանում գործող ռուսամետ կառավարությունն առաջիկա տարիներին որպես Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության լծակների աճ դիտարկելով», – նշում են զեկույցի հեղինակները։