Սուրեն Թովմասյան․«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին, շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության որոշմամբ» | Region

Սուրեն Թովմասյան․«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին, շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության որոշմամբ»

Հունվար 07,2025 16:39

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կադաստրային քարտեզների մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ, կան համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններով

Արդյոք Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելու է, թե ոչ, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը չգիտի, նման տեղեկատվության չի տիրապետում։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսում հայտնեց կոմիտեի ղեկավարը։

Նրա խոսքով՝ կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության որոշմամբ․«Կադաստրային քարտեզների սխալների մասին մենք խոսել ենք բազմաթիվ անգամներ և 2021-ին քարտեզների ուղղման կառավարության որոշումը հենց բխում էր այն գաղափարից, որ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ քարտեզների մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ։  Կան համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններով։ Սա հետևանքն է նրա, օրինակ երբ մեկ համայնքի բնակավայրի քարտեզ ստեղծվել է մեկ մասնագիտական խմբի կողմից և վարվել է մեկ համակարգչի մեջ, երկրորդ քարտեզը ստեղծվել է երկրորդ մասնագիտական խմբի կողմից և վարվել է երկրորդ համակարգչի մեջ»։

Թովմասյանն ասաց, որ այսպես է եղել տարիներ շարունակ, ինչի պատճաով բազմաթիվ խնդիրներ են առաջացել․« Սա չի վերաբերում միայն սահմանամերձ բնակավայրերին, այլ նաև հանրապետության ներսում բնակավայրերի միջև սահմաններին»։

Նա ասաց, որ սահմազատման և սահմանագծման հանձնաժողովի գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություններ չունի․«Վստահ եմ. եթե որեւէ որոշում կայացվի, դրա վերաբերյալ հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ»։

Թովմասյանը հայտնեց նաև, որ 2024 թվականին իրականացրել են կառուցվածքային խոշոր փոփոխություններ՝ վարչապետի որոշմամբ տարածքային չորս ստորաբաժանումներ միավորել են ՝ թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում․«Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են եւ այդ գործառույթները իրականացնելու է գրանցման միասնական ստորաբաժանումը: Լոռու մարզային ստորաբաժանումն արդեն փակված է, Սյունիքի եւ Շիրակի ստորաբաժանումները կփակվեն առաջիկա մի քանի ամսում»։
Ինչ վերաբերում է կոմիտեի՝ 2024 թվականին կատարած աշխատանքներին, ապա Թովմասյանն ասաց՝  Կադաստրի կոմիտեի նախատեսած 13 միջոցառումներից գրեթե բոլորը միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման եւ ավելի արդյունավետ գործառույթների իրականացման համար։

Կոմիտեի՝ անցած տարվա բյուջեի կատարողականը, ինչպես ասաց Թովմասյանը, կազմել է շուրջ 96,2 % եւ հատկացված միջոցներից 77 %-ը՝ աշխատավարձային ֆոնդն է․«Կոմիտեի զարգացմանը եւ համապատասխան համակարգերի ներդրմանն ուղղվել է մնացած 23 %-ը: Ընդ որում, 2024 թվականին ծառայությունների մատուցման կատարողականը եղել է աննախադեպ: Այսինքն, կոմիտեն ծառայությունների մատուցման միջոցով պետական բյուջե հավաքագրել է 8 մլրդ. 700 մլն. դրամից ավելի գումար»:

 

Նորություններ