2022-ից հետո կառուցված ինքնակամ շինություններն այլևս հաշվառման ենթակա չեն, անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են․ Սուրեն Թովմասյանն ամփոփեց 2024 թվականը
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ՝ 2022-ից սկսած էլեկտրոնային համակարգով 70 000 շինություն է հաշվառվել, սակայն կան քաղաքացիներ, որոնք ժամկետները բաց են թողել, ուստի որևէ ինքնակամ շինության համար այլևս չի գործում էլեկտրոնային համակարգը
Հայաստանի գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ 7150 միավոր ինքնակամ շենք-շինություն է հաշվառվել, սակայն օրինականացման ժամկետներն արդեն ավարտվել են։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ` 2022-ից էլեկտրոնային համակարգի օգնությամբ 70 000 շինություն է հաշվառվել․«Սա ամբողջական թիվը չէ, քանի որ կան քաղաքացիներ, որոնք նշված ժամկետները բաց են թողել։ Ժամկետներն արդեն ավարտվել են, որևէ ինքնակամ շինության համար այլևս չի գործում էլեկտրոնային համակարգը»։
Կոմիտեի նախագահն ասաց, որ այդ 70 000 հաշվառված օբյեկտների կառուցապատողները հնարավորություն ունեն դիմելու իրենց համայնքներին` շինություններն օրինականացնելու համար»։
Սակայն, ինչպես վստահեցրեց Թովմասյանը, 2022 թվականից հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս հաշվառման ենթակա չէ։
Ասուլիսի ժամանակ Թովմասյանն անդրադարձավ նաև անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքներին։ Ասաց՝ 2024 թվականին անշարժ գույքի շուկայում 247 926 գործարք է կատարվել, որից Երևան քաղաքում՝ 68946, մարզերում՝ 178980:
Ըստ կոմիտեի նախագահի՝ թե՛ Երևանում, թե մարզերում գործարքների աճ է արձանգրվել՝ Երևանում աճը կազմել է 12%-ից մի քիչ ավել, մարզերում մոտ՝ 13%։
Նրա ներկայացմամբ՝ տարեկան կտրվածքով բոլոր մարզերում ևս աճ է գրանցվել՝ Արագածոտնում՝ մոտ 10%, Արարատում՝ 7%, Արմավիրում ՝0,3%, Գեղարքունիքում ՝15%, Լոռիում՝ 14%, Կոտայքում՝ 5%, Շիրակում՝ 11%, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում կրկին աճ է գրանցվել։
Անշարժ գույքի գները նույնպես աճել են, սակայն Թովմասյանն ասաց, որ այդ ցուցանիշները կկարողանա ներկայացնել ամսվա վերջին: