«Ուզում եմ մարդկանց լույս նվիրել, իսկ լույսի միջոցով՝ սեր». գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյան | Region

«Ուզում եմ մարդկանց լույս նվիրել, իսկ լույսի միջոցով՝ սեր». գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյան

Հունվար 08,2025 21:01

«Ասում են՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են»․․․։ Գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանի շնորհիվ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է։

Վաչագան Պողոսյանը հայտնի է տարբեր ժողովուրդների ցեղասպանությունների մասին իր թեմատիկ կտավներով, որոնց նա անդրադառնում է ավելի քան 15 տարի՝ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, Հոլոքոստ, Ռուանդայի ցեղասպանություն։ Իր նկարներով նա կոչ է անում մարդկությանը. «Այլևս երբե՛ք»:

Թվում է, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ինչպես մեր շատ հայրենակիցներ, նա ևս պետք է ընկներ խորը դեպրեսիայի մեջ, բայց ամեն ինչ եղավ ճիշտ հակառակը։

Եվ ահա ես նկարչի արվեստանոցում եմ։ Մտնելով ներս, անմիջապես սուզվում եմ խռովարար գույների հորձանուտը՝ նռնաքարի վառ կարմիրից մինչև թրծված կավի գույնը, անապատի ավազոտ դեղինից մինչև երջանկության նարնջագույնը։ Նրա կտավները շնչում են՝ միախառնելով ամառային կեսօրի բոցաշունչ շոգը, կիրքը, սերը, երջանկությունն ու կյանքի ծարավը…

Խոսում ենք արվեստի նպատակի, նկարչի ծրագրերի, ընտանիքի հանդեպ նրա վերաբերմունքի մասին։ Մեր զրույցը կարող էր հավերժ տևել, շատ բան էի ուզում իմանալ, բայց, ավաղ, հարցազրույցի ձևաչափը դա թույլ չի տալիս։ Մեր զրույցի վերջում հարցրեցի, թե ինչ է ուզում ասել իր նկարներով։ Վաչագանը մեկ րոպե մտածեց և պատասխանեց. «Ես ուզում եմ մարդկանց լույս նվիրել, իսկ լույսի միջոցով՝ սեր»։

Կարինե Մկրտչյան

Նորություններ