Հայաստանը հռչակում է ԵՄ –ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին,օրենքի նախագիծը գործադիրը հաստատեց
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, Փաշինյանը հայտարարեց՝ շատ կարևոր օրենք է, 50 հազար քաղաքացիների նախաձեռնությանը կառավարությունը չի կարող դեմ կանգնել
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագիծն, առաջարկվող տարբերակով ընդունելը, ինչպես նշված է նախագծում, հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնել Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասումները, ինչպես նաեւ առավել աշխատանքային միջավայր ձեւավորել Եվրոպական միության հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը․«Իհարկե, արձանագրելով, որ սա շատ կարևոր օրենք է։ 50 հազար քաղաքացիների նախաձեռնությանը կառավարությունը չի կարող դեմ կանգնել, մանավանդ, որ այդ նախաձեռնությունը ակնհայտորեն բխում է կառավարության թեզերից»։
Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին: