Փաշինյանը մեկնաբանում է, թե ինչու են մեծ հերթեր գոյանում շենգեն գոտու վիզա ստանալու համար | Region

Փաշինյանը մեկնաբանում է, թե ինչու են մեծ հերթեր գոյանում շենգեն գոտու վիզա ստանալու համար

Հունվար 09,2025 12:56

 ԵՄ պաշտոնյաներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պարզաբանել են, որ ՀՀ-ից հոսքը դեպի ԵՄ երկրներ, իրենց կանխատեսածից անգամներով ավել են, ուստի դեսպանատներում վիզա ստանալու համար նման հերթեր են

Կառավարության այսօրվա նիստում «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի կառավարության առաջարկության մասին» որոշման մասին քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզա ստանալու համար մեծ հերթերին։ Այս հերթերը, Փաշինյանի խոսքով, մեծ դժգոհություն են առաջացնում։

Նա պարզաբանեց, թե ինչն է նման հերթերի գոյացման պատճառը․«Վերջին հինգ տարիներին ՀՀ –ԵՄ ուղևորահոսքն անգամներով ավելացել է։ Դեսպանատներն ասում են, որ իրենք միջնաժամկետ, երկարաժամկետ իրենց ծրագրերն ունեն, և իրենց կարողություններն այդ կանխատեսումների համապատասխան են զարգացնում։ Այն հոսքը, որ կա դեպի ԵՄ երկրներ, ինձ ԵՄ մեր գործընկերներն ասում են, որ բոլոր հնարավոր կանախտեսումներից անգամներով ավել են։ Այսինքն, իրենք կանխատեսում էին, որ մի տարվա կամ մի ամսվա մեջ պիտի 300 մարդու համար պիտի վիզայի խնդիր լուծեին, հիմա լուծում են 3000 համար։ Ճիշտ է, հընթացս ԱԳՆ գործընեկրների հետ աշխատելով կարողություններն ավելացնում են, բայց նոր կարողությունների պահանջը պատիկներով անգամ է, քան իրենք կանխատեսում էին»։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց՝ վիզա ստանալու մեծ հերթերի խնդրի մասին ՀՀ ԱԳՆ-ն շարունակաբար աշխատում է ԵՄ գործընկերների հետ․«Բայց երբեմն տեխնիկական, մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրների ենք բախվում։ Օրինակ դեսպանություններից մեկն ասում է՝ մենք ունենք մի հյուպատոս, այդպես էինք ծրագրել, բայց արդեն գրել ենք մայրաքաղաք, որ մի հաստիք էլ ավելացնեն։ Մայրաքաղաքի ԱԳՆ-ն ասում է՝ մենք դեմ չենք, բայց մեր ֆինանսների նախարարությանն ենք գրել։ Այստեղ մեր հնարավորությունները սպավել են։ Բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ ԵՄ-ում գիտեն այդ խնդրի մասին»։

Ինչ վերաբերում է քննարկվող նախագծին, ապա կառավարությունը հաստատեց օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:

 

 

Նորություններ