Հայոց բանակի շարքերը համալրեցին Գորիս, Տեղ, Տաթև համայնքների նորակոչիկները | Region

Հայոց բանակի շարքերը համալրեցին Գորիս, Տեղ, Տաթև համայնքների նորակոչիկները

Հունվար 10,2025 12:00

Ձմեռային զորակոչը Սյունիքի մարզում մեկնարկեց Գորիս քաղաքից։ Մայրերը՝ թաց աչքերով, հայրերը՝ հուզմունքը թաքցնելով, հարազատները՝ ջերմ գրկախառնություններով Հայոց բանակ ճանապարհեցին Գորիս, Տեղ, Տաթև համայնքների նորակոչիկներին։

Գորիսի տարածաշրջանի 43 զինակոչիկ համալրեց Հայոց բանակի շարքերը։ Շնորհավորանքի, քաջալերանքի մաղթանքներից առանձնանում էին խաղաղության, անփորձանք ծառայության և պարտադիր տունդարձի կոչերը։ Ուրախ ու տխուր պահերի հախուռն զգացմունքները միահյուսվել էին, իսկ նորակոչիկների կրտսեր եղբայրներն ու քույրերը հրամանի տեսքով խնդրանքներ ունեին ավագներին։

Հազարավոր սյունեցիներ հավաքվել էին զինվորական կոմիսարիատի դիմաց՝ բարի ճանապարհ մաղթելու տղաներին։ Ծանոթ-անծանոթ մոտենում էին, ձեռք սեղմում, գրկում ու պարտադիր վերադարձի խոստում կորզում նրանցից։ Հնչեց զուռնան, ավագ ընկերները, նորակոչիկներին ուսերին առած, պար բռնեցին, ոգևորեցին ու ոգևորվեցին, հավատով ուղեկցեցին եկեղեցի, որտեղից էլ, Աստծո օրհնությունը ստանալով, Սյունյաց արծիվները մեկնեցին ծառայության վայրեր։

 

Արևիկ Աբելյան

Նորություններ