«Հրդեհը գրեթե 2 Հայաստանի չափ տարածք է ընդգրկել, քաղաքներից մեկը 75 %-ով այրվել է»․ Վ․ Ծատուրյան
Գլխավոր լուսանկարը՝ Robert Gauthier / Los Angeles Times
«Դեռ հրդեհի ճիրաններում են Փասադենան և Մալիբուի մոտ գտնվող Փասիֆիկ Փալիսեյդս քաղաքը, որը գտնվում է օվկիանոսի ափին։ Այն 75 տոկոսով ավերվել է։ Հիմա քամու ուժգնությունը թուլացել է, ուղղությունը փոխվել է, և քամին փչում է հակառակ ուղղությամբ՝ օվկիանոսից դեպի Սան Ֆերնանդո հովիտ»։ Այս մասին REGIONS TV-ի հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Նորդ Հոլիվուդ քաղաքի բնակիչ, ինժեներ Վիկտոր Ծատուրյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տարերային աղետի հետևանքով առաջացած վիճակին։
Նրա խոսքով՝ բարդ է հատկապես անտառային գոտիներում, որտեղ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ուղղաթիռներ և ինքնաթիռներ։ «Ինձ թվում է՝ կհաջողվի հանգցնել կրակը, քանի որ մեծ ջանքեր են գործադրվում, բացի այդ, քամիները թուլացել են»,-նշեց Ծատուրյանը։
Նրա տեղեկացմամբ՝ երեկ գիշեր հրդեհ է բռնկվել Հոլիվուդին կից Հոլիվուդ Հիլս փոքրիկ քաղաքում, սակայն շատ արագ հանգցրել են կրակը։ «Միայն այդ հրդեհն է, որ համարվում է 100 տոկոսով հանգցված, մնացած քաղաքներում դեռ կրակի օջախներ կան։ Զոհերի և տուժածների թիվը, նաև վնասի չափը հստակ ասել հնարավոր չէ, քանի որ այրված շատ տներ դեռ չեն հասցրել մտնել, անհետ կորածներ կան։ Դա ավելի ուշ կհստակեցվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Տուժած հայաշատ քաղաքներն են Գլենդելը, Փասադենան և Ալթադենան, որտեղ հազարավոր տներ, խանութներ, ձեռնարկություններ, հոգևոր ու կրթամշակութային կենտրոններ են այրվել։
«Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, հայերի շրջանում զոհերի մասին տեղեկություն չունենք, և տա Աստված՝ չլինի։ Կարծում եմ՝ զոհեր չեն լինի, քանի որ հայերի մեծամասնությունը կարողացել է ժամանակին դուրս գալ հրդեհի տարածման գոտիներից»,-ավելացրեց Ծատուրյանը։
Նրա պնդմամբ՝ որևէ մեկն անօգնական չի մնում, առանց կացարան և առանց բուժօգնության չի մնում, անգամ բարձր մակարդակով կազմակերպված է տարբեր չափերի ընտանի կենդանիների տեղափոխումը և կենտրոնացումը համապատասխան անվտանգ վայրերում։