Գյումրու «Չոր նավահանգիստ»-ը խիստ իրագործելի է՝ եթե «Խաղաղության խաչմերուկ» ծրագին իրագործվի և եթե խաղաղություն հաստատվի․Պապոյան | Region

Գյումրու «Չոր նավահանգիստ»-ը խիստ իրագործելի է՝ եթե «Խաղաղության խաչմերուկ» ծրագին իրագործվի և եթե խաղաղություն հաստատվի․Պապոյան

Հունվար 13,2025 15:58

Իշխանությունները շարունակում են պնդել, որ Գյումրու «Չոր նավահանգիստ արդյունաբերական պարկ» ծրագիրը կարող է իրականություն դառնա, սակայն առայժմ տեսանելի առաջընթաց չի նկատվում

Գյումրու «Չոր նավահանգիստ արդյունաբերական պարկ» ծրագրի   տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքում կառավարությունն արձանագրել է՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման եւ խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ եթե «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն իրականացվի և եթե խաղաղություն հաստատվի, ապա Գյումրու չոր նավահանգիստը դառնալու է տարածաշրջանային լրջագույն հաբ․«Մենք ոչ միայն մեր քաղաքական ուղերձների մեջ, այլ նաեւ գործի մեջ իրականացնում ենք խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկն ինքը միայն գաղափարախոսություն չէ, կոնկրետ ծրագիր է»։

Նախարարն ասել է, որ այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում․«Հիմա Հյուսիս-հարավի կառուցումը մեծ թափով ընթացքի մեջ է։ Երկրորդ փուլում դա ենթադրում է առաջին հերթին երկաթուղային ցանցի զարգացում։ Մենք ունենք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որտեղ հստակ նշված է, թե ինչ գործողություններ են պետք»։

Գյումրու չոր նավահանգիստ ծրագիրը ներդրվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ժամանակ։ Նա 2024-ի սկզբին հայտարարել էր, որ չոր նավահանգստի օպերատորը 2024-ի վերջին հայտնի կլինի։ Մինչ այդ՝ 2023-ի դեկտմբերի 18-ին Քերոբյանը վստահեցրել էր՝«․․․մեր առաջին համաշխարհային կլասի արդյունաբերական պարկը՝ արդեն համարյա ավարտել ենք Գյումրիի չոր նավահանգստի պրոյեկտի տեխնիկատնտեսական վերլուծությունը, մի քանի օր մնաց, որ տեսնենք վերջնական արդյունքները եւ այն արդյունաբերական պարկը, որը նախատեսվում է կառուցել Գյումրիում, շատ հարմար հարթակ կլինի նաեւ, որ ձեր նշած նոր հնարավորությունները վայրէջք անեն այդ արդյունաբերական պարկում: Այսօրվա մեր ժամանակացույցը Գյումրիի չոր նավահանգստի հետ կապված այն է, որ առաջիկա հանրային ներդրումային կոմիտեում եթե ստանանք վերջնական հաստատում, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսենք շինարարական փուլը»:
Նախարարը պաշտոնանկ եղավ, նրանից հետո էլ նավահանգստի մասին հայտարարություններ են եղել, սակայն տեսանելի առաջընթաց այս ծրագրում չի նկատվում։

Նորություններ