«Կրեմլի դիրքորոշումն է՝ զարկեմ, ջարդեմ, աչքդ հանեմ, փշրեմ, մտնեմ, ավերեմ, ապազգայնացնեմ, ապառազմականացնեմ»․ Լևոն Բարսեղյանը ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու խնդիրների մասին | Region

«Կրեմլի դիրքորոշումն է՝ զարկեմ, ջարդեմ, աչքդ հանեմ, փշրեմ, մտնեմ, ավերեմ, ապազգայնացնեմ, ապառազմականացնեմ»․ Լևոն Բարսեղյանը ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու խնդիրների մասին

Հունվար 16,2025 14:00

Լևոն Բարսեղյանը գտնում է, որ Հայաստանը պարտավոր է ունենալ  անցումային քաղաքականություն, թե  ինչպես անվնաս կերպով կամ ռիսկերի նվազեցմամբ դադարեցնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ և ինչպես աստիճանաբար  ինտեգրվել ԵՄ տնտեսությանն ու քաղաքական համակարգին

«Եվրոպական միությանը անդամակցությունը երկկողմանի պրոցես է և որևէ մեկի ցանկությունն անբավարար է, որպեսզի անդամակցությունը տեղի ունենա»,- այս մասին REGIONS TV-ի հետ զրույցում ասում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատեց  «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Մինչ այդ եվրոպամետ ուժերը Հայաստանի տարբեր մարզերում ստորագրահավաք անցակացրեցին Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով։ Անհրաժեշտ էր 50 հազար ստորագրություն, որպեսզի հարցը մտնի խորհրդարան։ Անհրաժեշտ քանակից ավելի ստորագրություն է  հավաքվել է։ Լևոն Բարսեղյանը այս նախաձեռնության անդամներից է։

«Մենք, ովքեր նախաձեռնել  են այս ստորագրահավաքը,  շատ լավ գիտենք, մենք ուշադիր ենք եղել նաև ԵՄ անդամ դարձած երկրների պատմությանը, Արևելյան Եվրոպայի երկրների, կամ,  այսպես կոչված, նախկին Վարշավյան Երկրների անդամակցությանը։ Այդ անդամակցությունները ոչ միշտ են հարթ ընթացել և երկկողմանի զանազան վեճերի, քննարկումների, դիմադրության, ցանկությունների և հետևողական աշխատանքի արդյունք են եղել։ Եվ վերջապես ստեղծվեց Եվրամիությունը 27 անդամներով, մի անդամ  էլ  ունեին, որը որոշեց դուրս գալ՝ Մեծ Բրիտանիան»,- նշում է նա։

Ըստ Լևոն Բարսեղյանի, ԵՄ անդամ դառնալ  կամեցող երկրի կամքից և հետևողականությունից շատ բան է կախված։ Մի բան է, հայտարարել, որ Հայաստանը կամենում է դառնալ  ԵՄ անդամ, այլ բան է, որ դրա համար նախատեսված բոլոր ողջամիտ  պայմաններին համապատասխանելու գործողություններ է կատարում  պետական իշխանությունը։

Մինչ ԵՄ-ին «հասնելը»  Հայաստանն ունի Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններ, որոնց իրականացման գործընթացում Հայաստանը, մեղմ ասած, թերանում է։ Դյուրին գործ չէ ԵՄ-ին անդամակցելը, նույնիսկ ԵՄ անդամ երկրի թեկնածու դառնալու համար բազմաթիվ գործողություններ ու բարեփոխումներ են անհրաժեշտ։

Լևոն Բարսեղյանն ասում է․«ՀՀ-ն  ունի համապարփակ անդամակցության համաձայնագիր ԵՄ-ի հետ, դրանով  նախատեսված գործողություններ ունի անելու, ճանապարհային քարտեզ ունի, որն այնքան էլ հավեսով չի կատարում։ Կատարում  է ինչ որ բաներ, ինչ որ բաներ չի կատարում։  Եթե Հայաստանի իշխանությունները երբևէ կկամենան, որ Հայաստանը իսկապես լինի ԵՄ անդամ, ջանքերը պիտի լինեն համառ, հետևողական, ջանքերը չպիտի լինեն այնպես, ինչպես խոստումներ է տվել  կառավարությունն ու Փաշինյանը 6 տարի առաջ, 4 տարի առաջ, և դրանց մի մասը ձախողել  է, մի մասը զոռով, շառով անում է, մի կերպ, մատների արանքով, անընդհատ դժգոհելով ինքն իրենից։ Այդպես ԵՄ անդամ չեն դառնում»։

Ըստ նրա, կառավարությունը պիտի շատ լուրջ ջանքեր ներդնի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տարբեր չափորոշիչներով համապատասխանի ԵՄ չափանիշներին՝ կրթություն,  ճանապարհաշինություն, անասնաբուժություն, անասնաբուծություն, առողջապահություն և այլն։

«Եվրոպական Միությունը, չեմ  նկատում, որ իր պարտավորությունները այդ բոլոր համագործակցային պայմանագրերով խուսափել  և չի կատարել։ Հայաստանի իշխանությունները այդ պարտավորությունները կատարում  են անբարեխղճորեն։ Ինչ որ բան անում են, ինչ որ բան չեն անում, լավ չեն անում։ Գրեթե այնպիսի վարք են դրսևորում, ինչպիսի վարք դրսևորում էր իշխանությունը քարոզարշավների ժամանակ և դրանցից հետո։ Խոստանում էր ամենայն բարիք, կոնկրետ պրոֆիլներով, ոլորտներով, ընտրությունները անցնում էին, տալիս էին իրենց պողպատե մանդատ, արդյունքում, տրված խոստումների մի  մասը չեն կատարվել, մի մասը դրժվել են, մոտավորապես այդպես էլ  Հայաստանը կատարում  է Եվրամիության հետ իր պարտավորությունները CEPA համաձայնագրի շրջանակներում»,-նկատում է Բարսեղյանը։

Լինելով ԵԱՏՄ անդամ, արդյոք խնդիր չէ Հայաստանի համար դեպի ԵՄ գնալը։

Բարսեղյանի կարծիքով՝ Հայաստանը պարտավոր է ունենալ  անցումային քաղաքականություն, այսինքն՝ ինչպես անվնաս կերպով, կամ ռիսկերի նվազեցմամբ դադարեցնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ և ինչպես քիչ-քիչ ինտեգրվել ԵՄ տնտեսությանն ու քաղաքական համակարգին։

«Բոլորը հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցությունը 1 րոպեի, 1 օրվա, 1 տարվա գործ չէ, սա անընդհատ պրոցես է, որին, իհարկե, ջղաձիգ   դիմադրություն է ունենալու Մոսկվան, որովհետև Մոսկվան, այնուամենայնիվ, ոչ թե հավասարը հավասարի հետ համագործակցության կողմնակից է, այլ  16-րդ դարի տիպի գաղութատիրական կայսրություն է, որը շատ ծանր է տանում բոլոր այն դեպքերը, երբ  նախկին գաղութներն ուզում են անջատվել  իրենից, և զանազան հիստերիկ, ռազմական, քաղաքական միջոցներով փորձում է հակազդել  այդ գործընթացներին։ Առայժմ Ռուսաստանի Դաշնությունը ընդամենը հոխորտում է, չհաշված Վերին Լարսը փակել-բացելու իր գործողությունները»,-նշում է Բարսեղյանը։

Նրա դիտարկմամբ՝ սպառնալիքների լեզվով խոսելու փոխարեն, Մոսկվան պետք է վաղուց վերանայած լիներ իր քաղաքականությունը նախկին գաղութների նկատմամբ և գործընկերային, բարիդրացիական հարաբերություններ զարգացներ, ինչպես օրինակ դա արեց Մեծ Բրիտանիան իր նախկին գաղութների հետ։

«Կրեմլի դիրքորոշումն է՝ զարկեմ, ջարդեմ, աչքդ հանեմ, փշրեմ, մտնեմ, ավերեմ, ապազգայնացնեմ, ապառազմականացնեմ։ Առայժմ այս սպառնալիքներն են, որոնք կարող են նաև առարկայանալ։ Ասենք՝ ինչ որ մի պահի կարող է Կրեմլը բզբզել Ադրբեջանին՝ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, փակել Վերին Լարսը, ասել՝ նորոգում ենք, 5 տարի նորոգելու ենք, փակ է, ի՞նչ է ձեր ուզածը։ Գազը թանկացնել, մյուսը, մյուսը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները, անկախ այս երկընտրանքից, Կրեմլ, թե՝ ԵՄ, պարտավոր են Հայաստանի պաշտպանվածության և հզորության ապահովման միջոցառումներ իրականացնել։ Շատ վաղուց, 30 տարի շարունակ պարտավոր էին ապահովել այդ միջոցները, Հայաստանի ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, քաղաքական պաշտպանությունը, որպեսզի էս տեսակ ցնցումների ժամանակ չստացվի, որ երկիրը կախված է 1 թելից և այդ 1 թելը Պուտինն է, Կրեմլն է, որը ինչպես ուզի կշարժի Հայաստանի իշխանության գլուխը»- ասում է նա։

Ըստ Լևոն Բարսեղյանի, նշված խնդիրներն անլուծելի չեն, դրանց լուծումը պարտավոր է ունենալ Հայաստանի իշխանությունը, որպես ժողովրդից ընտրված իշխանություն։ Ասում է, ուրիշ մեխաքնիզմ չկա, եթե չի կարող, ապա տեղի կունենա պատշաճ իշխանափոխություն, և հաջորդ իշխանությունները կգան կսկսեն երկիրը զարգացնել  ավելի արդյունավետ ուղղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև

Կարինե Կազարովա

Նորություններ