«Մի բռնապետի գրպանում տեղավորված մյուս բռնապետի խոսքերի վերլուծությունը լուրջ զբաղմունք չէ»․ Լևոն Բարսեղյան | Region

«Մի բռնապետի գրպանում տեղավորված մյուս բռնապետի խոսքերի վերլուծությունը լուրջ զբաղմունք չէ»․ Լևոն Բարսեղյան

Հունվար 27,2025 16:16

Բելառուսի նախագահն անդրադարձել է 44-օրյա պատերազմին, արդարացնելով իրեն, թե ինչո՞ւ է զենք վաճառել Ադրբեջանին, նա վտանգավոր սիրախաղ է համարել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

«Լուկաշենկոն չունի բավարար արժանիքներ, որպեսզի Հայաստանում լուրջ վերաբերվեն նրա հայտարարություններին։ Նա Ալիևի մերձավոր դաշնակիցն է, և նրա մտքերի վերլուծությունը Հայաստանին ոչինչ չի տալու»,-REGIONSTV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի և ՀՀ վարչապետի մասին  հերթական հայտարարությանը։

Լուկաշենկոն երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ 44-օրյա պատերազմի միակ մեղավորները ՀՀ իշխանություններն են. «Միայն իրենց մեղավորությունն է… ճանաչեցին Ադրբեջանի տարածք ե՛ւ Ստեփանակերտը, ե՛ւ ԼՂ-ն:  ․․․Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեև այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի: ․․․Ինչու ես նեղանում ինձնից, ես չեմ պատերազմել, չէ՞ Ադրբեջանի կողմից, կարող է եւ Ադրբեջանը մեզնից զենք գնել է, բայց մենք բաց ենք եղել նաեւ Հայաստանի համար, խնդրեմ, եթե ինչ-որ բան ունենք, գնեք: Ով վճարել է, նա էլ ստացել»։

«ԵՄ-ն ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»   օրինագծի մասին էլ  Լուկաշենկոն ասել է՝  հիմա էլ ՀՀ-ն սիրախաղի մեջ է մտել ԵՄ հետ. «Վտանգավոր խաղ է, հանգստացրեք նրան այդտեղ, ինքը կկործանի Հայաստանը… փոքր տարածք, փոքր ազգ ու իրեն շրջապատել է թշնամիներով: Ահա, ԵՄ-ն իրեն կսկսի ինչ-որ բանով օգնե՞լ, իրեն հասկանալի չէ՞ ինչ կատարվեց Ուկրաինայում, լա՛վ, Վրաստանն էլ հո հարեւանն է: Ինքը կոչնչացնի երկիրը, հանդարտեցրեք նրան»:

Լևոն Բարսեղյանը Լուկաշենկոյին համարում է Հայաստանի թշնամի, նշելով, որ ավելի կարևոր  է Ալիևի մտքերի վերլուծությունը, քան թե անդադարձը «մի բռնապետի  գրպանում տեղավորված մյուս բռնապետի» խոսքերին:

Նորություններ