Այս պահին որևէ հիմնավորում, պատճառ չկա, որպեսզի շրջանառության հարկի մասին օրենսդրական փոփոխությունը վերանայվի․ֆինանսների փոխնախարար | Region

Այս պահին որևէ հիմնավորում, պատճառ չկա, որպեսզի շրջանառության հարկի մասին օրենսդրական փոփոխությունը վերանայվի․ֆինանսների փոխնախարար

Փետրվար 05,2025 18:30

Ֆինանսների փոխնախարարը պնդում է, որ շրջհարկի փոփոխությունը չի կարող բեռ լինել տնտեսվարողների համար, հակառակը՝ հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորել, որին համապատասխան հարկը կնվազի

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն արձագանքում է տնտեսավարողների դժգոհութուններին, թե շրջանառության հարկի փոփոխությունը ծանր բեռ է ՓՄՁ-ի համար։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արման Պողոսյանը պատասխանելով հարցին՝ արդյոք շրջանառության հարկը 5%-ից 10% դարձնելը   չի բերի շղթայական թանկացումների, ասաց՝ շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխություն ենթադրող նախագիծը մանրամասն քննարկվել է բոլոր հնարավոր հարթակներում, ապա նոր ընդունվել։ Ըստ փոխնախարարի՝ դրա կիրառության սկզբի համար կար առնվազն վեց ամիս ժամանակահատված:

Այսօր կառավարության շենքի մոտ մի  խումբ տնտեսվարողներ բողոքի ցույց էին անում շրջանառության հարկի դրույքաչափի փոփոխության դեմ, նրանք պահանջում էին օրենքի կիրառումը կասեցնել, քանի որ այն մեծ բեռ է իրենց համար։ Փոխնախարարն ասաց, որ դժգոհող տնտեսվարողներին խնդրել են դիմել նամակով, որպես հավաքական դիրքորոշում հայտնել անհանգստացնող հարցերի վերաբերյալ, որին շատ արագ կարձագանքեն։

«Ես համաձայն չեմ այն որակումներին, որ շրջանառության հարկի գծով բեռը բարձրացել էր։ Շրջանառության հարկի համակարգում վերանայվել է իրացման շրջանառության նկատմամբ կիրառվող դրույքաչափը: Այո, այս դրույքաչափը բարձրացել է, բայց զուգահեռաբար շատ լայն ազատական հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին, որպեսզի իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն և կարողանան հարկը համապատասխան չափով նվազեցնել»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ձեռքբերումները պատշաճ փաստաթղթավորող հարկ վճարողների համար վերջնարդյունքում ոչ միայն հարկային բեռի բարձրացում կարող է չլինել, այլ ճիշտ հակառակը՝ կարող է լինել նաև հարկային բեռի նվազեցում․« Հետևաբար պնդումը, որ մենք շրջանառության  հարկի գծով բեը բարձրացրել ենք, ընդունելի չէ: Մենք ընդամենը վերանայել ենք հարկման համակարգը, որը հնարավորություն է տալիս ընդհուպ նվազեցնել հարկային բեռը»։

Ինչ վերաբերում է որոշ ծառայությունների գների բարձրացմանը, որը պայմանավորում են շրջհարկի փոփոխությամբ, Արման Պողոսյանն ասաց՝ այդ հարցը մեզ էլ է հետաքրքրում, թե ինչո՞ւ կարող են բարձրացրած լինել․«Շրջանառության հարկի դեռ անգամ առաջին հաշվետու եռամսյակը  չի ավարտվել, որպեսզի նրանք վերջնական պատկերացում ունենան իրենց հարկային բեռի մասին»:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ գնաճը կարող է ամենատարբեր պատճառներով լինել, ուստի պետք է դրա պատճառը հասկանալ․«Կարող են լինել այդպիսի մեկնաբանություններ, որ պատճառը շրջանառության հարկի փոփոխությունն է, հարցն այն է՝ որքանով են դրանք հիմնավոր, որքանով են դրանք փաստարկված: Մենք մանրամասն  այդ թվում օրինակներով, թվերով ներկայացրել ու հիմնավորել ենք, որ կատարված փոփոխությունները կրկնում եմ, բայց թերևս ձեր թույլտվության, ոչ միայն հարկային բեռի բարձրացում չեն ենթադրում, այլ նաև ենթադրում են հարկային բեռի նվազեցում, որովհետև կատարված փոփոխությունները ենթադրում են մեխանիզմի ներդրում, որի պարագայում շրջանառության հարկ վճարողները պետք է իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն: Եթե չեն հիմնավորում փաստաթղթերով, առաջանում են տարբեր խնդիրներ»։

Ըստ նրա՝ հենց այստեղ է անհավասարություն առաջանում, երբ իրականում մեծ հարկ վճարողները իրացման շրջանառությունների իրական ծավալները թերի հայտարարագրելով արհեստականորեն հայտնվում են իրենց համար չնախատեսված միջավայրում՝ շրջանառության հարկի համակարգում, և անհավասար մրցակցության մեջ են մտնում իրականում փոքր հարկ վճարողների հետ։

Արման Պողոսյանը վստահեցրեց՝ այս պահին որևէ փաստարկ, հիմնավորում, պատճառ չկա, որպեսզի կատարված օրենսդրական փոփոխությունը վերանայվի։

Նորություններ