«Ռուսները քարտ-բլանշ են տալիս ադրբեջանցիներին՝ կրակի՛ր, մի վախեցիր. դա վատ է». Նորատ Տեր-Գրիգորյանց | Region

«Ռուսները քարտ-բլանշ են տալիս ադրբեջանցիներին՝ կրակի՛ր, մի վախեցիր. դա վատ է». Նորատ Տեր-Գրիգորյանց

Հունիս 01,2016 12:10

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ապրիլյան պատերազմից ինչ դասեր պետք է քաղեն իշխանությունները, առաջնահերթ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ, նշեց, որ հիմա շատ վտանգավոր է նման հարցերի անդրադառնալը, որովհետեւ քաոսային իրավիճակ է, երբ ոմանք քննադատում են, մյուսները պարծենում, շատերը քննադատում քննադատողներին եւ այսպես շարունակ:

Մեկ բան ընդգծում է՝ կեցցեն առաջնագծում կանգնած տղաները, ովքեր արժանի հակահարված են տվել հակառակորդին՝ թույլ չտալով, որ թշնամին առաջխաղացում ունենա, մուտք գործի պաշտպանության բանակի խորքերը:

«Դա մեր զինված ուժերի ձեռքբերումն է: Իմ կարծիքով որոշակի առումով թերացել է հետախուզությունը, որ հակառակորդը կարողացել է առաջ շարժվել, հաղթահարել է ականապատ դաշտեր, այստեղ եղել են բացթողումներ, սխալներ, բայց զինված ուժերում մշտապես լինում են որոշակի թերություններ, առավել եւս պատերազմի ժամանակ: Կարող եմ ընդհանուր առմամբ ասել, որ մերոնք արժանի հակահարված են տվել թշնամուն: Ես խոնարհվում են մեր զինվորների առաջ, հատկապես հրետանավորների: Հիմա այն շրջանն է, երբ պետք է վերլուծել կատարվածը՝ ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ…»:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքերով՝ թշնամուն երբեք պետք չէ թերագնահատել: Նրա խոսքերով՝ ուժեղ զորամիավորում է ձեւավորել Ադրբեջանը՝ բաղկացած նաեւ թուրքական սպայական անձնակազմից: Անդրադառնալով ռուսական զենքով ադրբեջանական բանակը համալրելու խնդրին՝ Գրիգորյանցը նշեց. «Երբ կրակում են թուրքական արտադրությամն զենքով, մենք ասում ենք՝ ահա, թուրքերն օգնում են, անօդաչու թռչող սարքեր կային իսրայելական արտադրության, ասում ենք՝ ահա, Իսրայելն էլ փորձում է իր զինատեսակների եւ ադրբեջանցիների միջոցով հարվածել հայ ժողովրդին: Մենք հաշվի կառնենք, որ Իսրայելն այսպիսին է: Իսկ երբ ռուսական զենքով են կրակում, դա մեզ համար վատ է, որովհետեւ ստացվում է, որ ռուսները քարտ-բլանշ են տալիս ադրբեջանցիներին՝ կրակի՛ր, մի վախեցիր: Ես քեզ զենք եմ տալիս, դու կրակիր: Այսպես չի կարելի: Ես դեմ եմ նման քաղաքականությանը: Առավել եւս, որ ՀԱՊԿ դաշնագրի համաձայն՝ զենքի վաճառքն արգելված է այն պետությանը, որն այդ զենքերն օգտագործելու է ՀԱՊԿ-ի դեմ, չի կարելի նման բան: Բայց ցավոք սրտի, նման բան տեղի ունեցավ: Վատ է նաեւ այն, որ մենք 800 հա տարածք կորցրեցինք, բայց ինչ ասեմ, եղածը եղած է»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Անդրադառնալով Արկադի Տեր-Թադեւոսյանի հրավերին՝ ուղղված ռազմական մասնագետներին, Նորատ Տեր-Գրիգորյանցը դա անթույլատրելի համարեց:

«Խոսքը բանակի մասին է: Սա ֆիդայական կռիվ չէ, այլ զինված ուժերի պատերազմ: Եվ որեւէ մեկն իրավունք չունի առանց պետության, պաշտպանության նախարարության ինչ-որ մեկին հրավեր ուղարկել: Հավաքեցին ֆիդայիններին, ավտոբուսը գնաց առաջնագիծ, որը պայթեցրեցին, 7 հոգի զոհվեց: Սա կոպտագույն սխալ էր, որը թույլ տրվեց: Ո՞վ էր հրաման տվել, ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Սա շատ վտանգավոր երեւույթ էր, չի կարելի նման բան անել: Հետո էլ այլ երկրներից կանչել մարդկանց, դա համարում եմ անարգանք պետությանը, երկրի պաշտպանության նախարարությանը: Նման ինքնուրույն գործողությունները հանգեցնում են քաոսի: Չի կարելի նման բաներ անել: Այն, որ Տեր-Թադեւոսյանը հայրենասեր մարդ է, դա ոչ ոք չի վիճարկում, բայց նման բաներ պետք է անել պետական մակարդակով: Եթե ես չեկա, դա չի նշանակում, որ ես չեմ մտածում: Պարզապես չգիտեմ՝ ուր գնալ»,- նշեց գեներալ-լեյտենանտը:

Արցախյան պատերազմի հերոսը հորդորում է Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին դիվանագիտական ասպարեզում ծավալել լուրջ աշխատանք, ապացուցել, որ վիճելի տարածքները երբեք էլ չեն պատկանել Ադրբեջանին: «Հիմա պետությունը կայացել է, կայացել է գլխավոր ինստիտուտներից մեկը՝ զինված ուժերը: Պետք է ճանաչել այդ պետությանը, բոլորը պետք է ճանաչեն»:

Նորատ Տեր-Գրիգորյանցը կիսում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կարծիքը, որ պետք չէ խաբել սեփական ժողովրդին, հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել: Նա էլ հորդորում է ռեալ գնահատել թշնամու ներուժը:

«Ինչ կարիք կա գոռոզ-գոռոզ բաներ հայտարարել, պարծենալ, չի կարելի: Պետք է հարգել հակառակորդին: Մենք տխմարի հետ գործ չունենք, այլ պետության զինված ուժերի: Ընդ որում, ինչպես նշեցի, զինված ուժերի, որում իրենց մասնակցությունն ունեն թուրքերը, տեսանք նաեւ, որ այդ շարքերում ընդգրկված են նաեւ իսլամական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ: Մենք տեսանք, թե ինչ են անում՝ գլուխ են կտրում, ականջ են կտրում, այդպես ահաբեկիչներն են վարվում: Այ այս ամենը պետք է աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանն ահաբեկչի ձեռագիր ունի, խախտում է պատերազմի հումանիտար սկզբունքները: Իրենք հետեւողական ջանքերով ազգաբնակչությանն են վռնդում հայկական տարածքներից: Նման բաներով է պետք զբաղվել՝ աշխարհին այս ամենը ցույց տալով: Ես դեռ չեմ լսել, որ Նալբանդյանը միջազգային հարթակներում դիվանագիտական կռիվ մղի, ապացուցի, որ այս հողը մերն է: Պետք է ապացուցել, բանակցություններ վարել: Հիմարություն է այսօր կանգնել հայտարարել, թե մենք կհասնենք Բաքու, չի կարելի նման բաներ հայտարարել: Մենք հարվածներ չենք հասցնում բնակելի գոտիներին, այլ միայն զինված ուժերին: Հիմա պարծենալ պետք չէ՝ ով, ում, երբ կհարվածի: Կհարվածեն այն ժամանակ, երբ պատերազմ սկսվի: Այդ ժամանակ պարզ կլինի՝ ում հարվածել եւ որտեղ հարվածել: Իսկ հիմա «դուրս տալ» պետք չէ»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա չցանկացավ հեռախոսով խոսել Հայաստանի զինված ուժերի հագեցվածության մասին: Կարճ պատասխանեց՝ բավարար քանակի զենք ունի թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Չցանկացավ անդրադառնալ նաեւ բանակի թույլ կողմերին առնչվող հարցին:

«Թշնամին պետք է չիմանա՝ որտեղ է թույլ, որտեղ՝ ուժեղ»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ