Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով․ՀԱՄԿ նախագահը ԶՊՄԿ-ում գործադուլի մասին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն անդրադարձել է “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”-ի աշխատակիցների գործադուլին։
Նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է՝
Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։
Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ։
Հաշվի առնելով ԶՊՄԿ ընկերության ահռելի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար` անհրաժեշտ է ժամ առաջ ընդառաջ գնալ ոլորտի արհմիության և աշխատողների առաջարկներին և գործուն քայլեր ձեռնարկել վերոնշյալի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Կոմբինատի աշխատակիցներն գործադուլ են անում, գիշերել են դրսում, կոմբինատի մոտ։ Գործադուլի մասնակիցները պահանջում են 50%-ով բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ։