«Էդ ո՞նց է ստացվում, որ որոշ մարդիկ փոխանակ ավտոմատը վերցնեին, բարձրանային սարերը, որոշում կայացնեին Ղարաբաղը հայկական պահել, մի օրվա մեջ որոշում են կայացնում եւ տեղահանում»

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով երեկվա իր հայտարարությանն, ասում է՝ Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը, Ղարաբաղը հայաթափեց ի վերջո
ՀՀ ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր կողմից երեկ արված այն հայտարարությանը, թե արցախցիները պատերազմի ընթացքում պետք է մնային ու կռվեին, ասաց, որ խոսքը գնացել է կոնկրետ անձանց մասին, այլ ոչ ամբողջ ժողովրդի։
«Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին որևէ ընդհանրական բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկաննց մասին, ովքեր վերադառնում էին ոչ թե Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա, իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում իրենց կառուցած «ասաբնյակները», որոնք բիզնեսներ էին կառուցում ոչ Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան ու Լեռնային Ղարաբաղի ապագան չէին տեսնում։ Իսկ այն մարդիկ, ում մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը, չնայած կոնկրետ անուններ չտվեց, բայց նշեց, որ իր ասածը վերաբերել է այն պաշտոնյաներին, որոնց նպատակը առաջին օրվանից եղել է դատարկել Ղարաբաղը․«Պաշտոնյաները ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում, աշխատավարձը վերցնում էին մեր մոտից, դուրս էին գալիս ու վատ հարցազրույցներ տալիս ՀՀ-ի և ՀՀ իշխանությունների մասին»։
Նա նաև հավելեց՝ երբ ժամանակը կգա, անուններ է կտա․«Բայց անուններ տալու կարիք էլ չկա։ Ասում եմ՝ այն մարդիկ, ովքեր ուզում էին առաջին օրվանից դատարկել Ղարաբաղը։ Իսկ դատարկել Ղարաբաղը ու զինվորին կանգնեցնել «պոստին», ասել՝ դու պաշտպանիր, մենք գնացինք․․․։ Երեկ ես ինչո՞ւ ջղայնացա, որովհետեւ լրագրողը եկել է, ասում է՝ բա երբ ենք վերադառնում։ Այ իմ զայրույթը այդտեղից է, որ պետք չէր Ղարաբաղը դատարկել, քաղաքական բանի մասին է, պարզ է, ես չեմ ասում, որ կանայք ու երեխաները պետք է գնային այնտեղ, յաթաղանը գար, մորթեր։ Ես ասում եմ՝ բա էդ ո՞նց է ստացվում, որ որոշ մարդիկ իրենց ախրաննիկներով, ավտոմատը, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին, բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, մի օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում եւ տեղահանում։ Որ ասում էին՝ եկեք դատարկենք, այդ քաղաքական որոշման մասին է խոսքը, որ Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղն ի վերջո հայաթափեց։ Ասում են՝ բա մնային, կոտորվեի՞ն այդ մարդիկ, ասենք՝ դա տրամաբանակա՞ն է»։
Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահհրամանյանն արձագանքել է ԱԺ նախագահի երեկվա արած հայտարարությանը, պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից, և միաժամանակ մեկնաբանել, թե ով էր զանգում Արցախից և խնդրում բացել սահմանը։ Խոսելով այս մասին Ալեն Սիմոնյանը ինքը հորդորեց Շահրամանյանին պատմել, թե ինչպես է ինքը դուրս եկել Արցախից․
«Մինչև նամակ գրելը, Շահրամանյանը թող պատմի, թե ինքը ո՞նց է ի տարբերություն իր գործընկերների ախռանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, ո՞նց է ինքը էստեղ հայտնվել։ Եթե ինքը ինձ հարց ունի, կարող է նամակով դիմել, ես կքննարկեմ էդ նամակը, և միգուցե պատասխանեմ»,-ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ շրջափակման մեջ մնալով, Ադրբեջանի դեմ պայքարելու հնարավորություն կա՞ր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե շանս չկար, բա այս 30 տարի մենք ի՞նչ էինք անում, Ադրբեջանը միշտ մեզանից մեծ է եղել, Հայաստանն այն ժամանակ էլ է փոքր եղել։ Այնքան, ինչքան 2018 թվականից հետո Հայաստանն է օգնել, այն զենքերի, յուղը վրեն զենքերի տեսանյութերը չեք տեսե՞լ։ Ալիեւի այդ օրինակները, որ Հայաստանը 1 մլրդ-ի, 2 մլրդ-ի, 3 մլրդ-ի, մենք հա ոչնչացնում էինք, իրենք, հա, զենք ունեին, բա այս բաները ո՞ւր մնացին։ 44-օրյա պատերազմի ժամանակ դուք գիտե՞ք մենք քանի տարբեր ինֆորմացիա ենք ստացել Ղարաբաղի այդ օրվա պաշտոնյաներից, զինվորականներից։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր 4-5 իրար հակասող ինֆորմացիա։ Վերջում Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր մեծամասամբ ճիշտ դուրս գալիս»։
Նիկոլ Մարգարյան