«Տանկային բիաթլոն-2014» մրցույթին հայ տանկիստների շահած S-90Ս տանկի հետքերով. ինչո՞ւ ՌԴ ՊՆ-ն չի ուղարկել մրցանակը, ինչո՞ւ է լռել ՀՀ ՊՆ-ն
Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները (անձնակազմը հիմնականում կազմված էր ժամկետային զինծառայողներով): Որպես մրցանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը Հայաստանը ներկայացնող տանկային անձնակազմին տվեց հավաստագիր, որ Հայկական զինված ուժերի անձնակազմը ստանալու է 1 միավոր S-90Ս տանկ: Մրցանակը, սակայն, արդեն շուրջ երկու տարի չի ուղարկվել Հայաստան:
ՀՀ համապատասխան մարմիններն էլ իրենց հերթին չեն պահանջել, որ մոռացության մատնված մրցանակը ՌԴ պաշտպանության նախարարությունն ուղարկի Հայաստան:Թե ինչու, ԳԱԼԱ-ն փորձել է պարզել՝ նախ գրավոր հարցում ուղարկելով մրցույթի կազմակերպիչ կողմին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը: Խնդրել ենք պատասխանել հետևյալ հարցերին՝ Հայաստանն ինչո՞ւ չի ստացել դեռևս 2014 թվականին խոստացված Տ-90Ս-ը, պատրաստվո՞ւմ է արդյոք ՌԴ ՊՆ-ն ուղարկել մրցանակը: Դրական պատասխանի դեպքում՝ ինչ ժամկետներում, բացասականի դեպքում՝ հստակ պատճառաբանությամբ, թե ինչու:
ՌԴ ՊՆ-ն դեռեւս չի տվել մեր այս հարցերի պատասխանները, առայժմ գերադասում են լռություն պահպանել:11111111111
ԳԱԼԱ-ն դիմել է նաեւ «Տանկային բիաթլոն»-ի հովանավոր, ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությանը, որն արտադրում է Տ-72, Տ-90 տանկերը:
Ընկերության մամլո խոսնակ Յուլյա Կոլմակովան ԳԱԼԱ-ին փոխանցել է. «Գիտեք, մենք ունեինք մեր կողմից մրցանակ, հաղթած թիմի անդամներին նվիրել ենք ավտոմեքենաներ: Իսկ տանկի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Մեքենաները կոնկրետ հիշում եմ»:
Ընդգծենք, որ «Տանկային բիաթլոն-2014» մրցույթին առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, եւ «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը հաղթող թիմի անդամներին մեկական ՈւԱԶ Patriot մակնիշի ավտոմեքենա նվիրեց:
Թե ինչու խոստացված տանկը չի ուղարկվել Հայաստան, Տ-90 արտադրող ընկերությունը եւ մրցույթի գլխավոր հովանավորը տեղյակ չեն: Համենայնդեպս իրենց կողմից նման մրցանակ չի շնորհվել Հայաստանին, նշեց մամլո խոսնակը:
«Մրցույթի կազմակերպիչը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է: «Ուրալվագոնզավոդ» ընկերությունն իհարկե արտադրում է, սակայն պատվիրատուն ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Արտադրանքը պատկանում է նրանց: Ես մեկնաբանել չեմ կարող: Առաջին անգամ եմ լսում այդ պատմության մասին: Այն, որ մենք նվիրել ենք ավտոմեքենաները, դա հաստատ կարող եմ Ձեզ ասել, մյուս հարցով պետք է պարզաբանի ՌԴ պաշտպանության նախարարությունը»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց «Ուրալվագոնզավոդ» ընկերության մամլո խոսնակ Յուլյա Կոլմակովան:
ԳԱԼԱ-ն այսօր տեղեկատվության ստացման հարցում է ուղարկել նաեւ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ 2014 թվականի օգոստոսին կայացած մրցույթից շուրջ երկու տարի անց ՀՀ Զինված ուժերը չի ստացել մրցանակը՝ Տ-90Ս-ը:
ՀՀ պաշտպանության նախարարը փորձե՞լ է անձամբ իր ռուսաստանցի գործընկերոջից՝ Սերգեյ Շոյգուից ճշտել, թե ինչու են հապաղում մրցանակն ուղարկել Հայաստան, արդյո՞ք 2014 թվականից հետո եղել է դեպք, որ ՀՀ ՊՆ-ն գրավոր հարցում է ուղարկել ՌԴ պաշտպանության նախարարությանը:
ՌԴ ՊՆ-ից մրցանակը չստանալու դեպքում չի՞ պատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարը հավաստագիրը հետ ուղարկել՝ այն հասցեագրելով իր ռուսաստանցի գործընկերոջը:
Արմենուհի Վարդանյան