Տ-90Ս տանկի հավաստագիրը Հայաստանին, տանկերն՝ Ադրբեջանին. ՌԴ ՊՆ-ն «Տանկային բիաթլոն-2014»-ի մրցանակը չի ուղարկել Հայաստան | Region

Տ-90Ս տանկի հավաստագիրը Հայաստանին, տանկերն՝ Ադրբեջանին. ՌԴ ՊՆ-ն «Տանկային բիաթլոն-2014»-ի մրցանակը չի ուղարկել Հայաստան

Ապրիլ 16,2016 12:37

Շուրջ երկու տարի առաջ Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները:

Միջազգային այս մրցույթին 2014թ. օգոստոսի 4-ից 16-ը մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ՝ Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում: Կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էր:

Հայաստանը ներկայացավ տանկային լավագույն անձնակազմով: Մինչ այդ, Հայաստանի զինված ուժերում մրցույթ անցկացվեց, որ միջազգային տանկային բիաթլոնին մասնակցեն Հայաստանի չորս լավագույն տանկային անձնակազմերը և հենց նրանք ներկայացնեն մեր երկրի Զինված ուժերը միջազգային մրցույթում: Երկարատև պատրաստվածությունը տվեց իր արդյունքը, և թիմային պայքարի հաշվարկով Հայաստանը ներկայացնող տանկիստները զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:

Որպես մրցանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը տվեց հավաստագիր, որ Հայկական զինված ուժերի անձնակազմը ստանալու է 1 միավոր S-90Ս տանկ:

 

Թե՛ ռուսական, թե՛ հայկական լրատվամիջոցները սա լուսաբանեցին արդեն որպես կայացած փաստ, որ Հայաստանի Զինված ուժերը «ստացել է» ժամանակակից Տ-90Ս տանկ:

Մրցույթից երկու տարի անց, սակայն, ՀՀ Զինուժը չի ստացել մրցանակը: Հավաստագրից այն կողմ չի անցել ՌԴ ՊՆ-ի «խրախուսական մրցանակը»՝ այն հավաստագրով, որն ուրախությամբ ճոճում էր մեր տանկային անձնակազմը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ նրանց դիմավորեց և ողջունեց ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Հաղթանակած տանկիստներին շնորհավորեցին նաև Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հայտարարելով, որ «անձնակազմի ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն է՛լ ավելի խթանելու հիանալի օրինակ է»:

 

ՀՀ ՊՆ-ից էլ նշեցին, որ կազմակերպիչներից մեր Զինված ուժերը «նվեր է ստացել Տ-90Ս տանկ», որը չի համալրի շարային զորամասերից որևէ մեկի սպառազինությունը, այլ կծառայի որպես ուսումնանյութական բազա: «Նվեր է ստացել» ասելով ՀՀ պաշտպանական գերատեսչությունն ի նկատի է ունեցել հաղթանակած տանկիստների ՌԴ-ից բերված հավաստագիրը միայն:

Հավելենք, որ տարբեր զեկույցների համաձայն Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 90 միավոր Տ-90Ս տանկ է ձեռք բերել: Եվ ՀՀ կողմը հայտնում էր, որ մեր տանկիստներին «շնորհված մրցանակը» կուսումնասիրեն, որ հասկանան՝ ինչ թերություններ կամ ինչ առավելություններ ունի, որ մշակեն հակառակորդի ունեցած Տ-90Ս տանկերի դեմ պայքարի ճիշտ մարտավարություն, գտնեն խոցելի կողմերը:

Հայկական կողմը, սակայն, 18-20 տարեկան տղաների ձեռքբերումն առարկայական դարձնելու համար երկու տարի շարունակ որևէ քայլ չի արել: Ինչով է պայմանավորված՝ դժվար է ասել: Բավականին թանկարժեք զինտեխնիկան ՌԴ կողմից պահանջելու համարձակություն ՀՀ իշխանությունները չեն ունեցել, այլ բավարարվել են միայն Տ-90Ս տանկի հավաստագրով և ակնկալիքով, որ ռազմավարական դաշնակցի ռազմական գերատեսչությունն ազնիվ կգտնվի և կկատարի խոստումը, և տղաների վաստակած մրցանակը կուղարկի Հայաստան:

ՌԴ-ն, սակայն, մոռացության է մատնել 2014 թվականին կայացած մրցույթը, առավել ևս, որ «դաշնակից» Հայաստանը ոչ միայն չի պահանջել, չի նեղսրտել, այլև անգամ չի բոյկոտել ամենամյա մրցույթին հաջորդող տարիներին իր մասնակցությունն՝ առանց հիշեցնելու ՌԴ պաշտպանության նախարարությանը մրցանակի մասին:

ԳԱԼԱ-ն գրավոր հարցում է ուղարկել մրցույթի կազմակերպիչ կողմին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը: Խնդրել ենք պատասխանել հետևյալ հարցերին. Հայաստանն ինչո՞ւ չի ստացել դեռևս 2014 թվականին խոստացված Տ-90Ս-ը, պատրաստվո՞ւմ է արդյոք ՌԴ ՊՆ-ն ուղարկել մրցանակը: Դրական պատասխանի դեպքում՝ ինչ ժամկետներում, բացասականի դեպքում՝ հստակ պատճառաբանությամբ, թե ինչու:

 

Հ.Գ. Հավելենք, որ «Տանկային բիաթլոնի» մասնակից է եղել նաև գյումրեցի 20-ամյա Տիգրան Աբգարյանը, ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմի խոստումնալից ներկայացուցիչներից մեկը: Հիշեցնենք, որ Տիգրանը զոհվեց Ջեբրայիլի մարտերում: Մղվելով առաջնագիծ՝ հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանին հաջողվել էր ոչնչացնել թշնամու երեք տանկ:

 

Արմենուհի Վարդանյան

Նորություններ