Գյումրիում սկսվել են նախընտրական խոստումները, քաղաքապետի պաշտոնի համար պայքարողները քարոզարշավ են անում | Region

Գյումրիում սկսվել են նախընտրական խոստումները, քաղաքապետի պաշտոնի համար պայքարողները քարոզարշավ են անում

Փետրվար 17,2025 22:43

Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրն այս տարվա մարտի  30-ին է։ Այս մասին կառավարության որոշումը կա, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ընտրության նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը։ Այն կհրապարակվի փետրվարի 20-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի Գյումրու ավագանին լուծարելու մասին որոշումը։ Սակայն դա չի խանգարում հավանական թեկնածուներին ընտրողներին նախընտրական խոստումների անհավանականությամբ ու ճոխությամբ զարմացնել։

Պաշտոնապես նախընտրական քարոզարշավի մեկնարկը մարտի 15-ին է, այսինքն՝ 1 ամսից, բայց Գյումրիում քարոզարշավն արդեն մեկնարկել է, կարելի է ասել՝ բուռն ընթացքով։ Սոցիալական ցանցերում արդեն շրջանառվում են  հավանական թեկնածուների տեսահոլովակները։ Գյումրիում թեկնածուների նկարներով գովազդային պաստառներ էլ արդեն կան։ Մի խոսքով՝ նախընտրական տրամադրությունը գերիշխող է։

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում այս ընտրությունները կարծես թե թեժ են լինելու, թեկնածուները շատ են ու բազմազան։ Նաև հաշվի առնելով․ որ եկող տարի համապետական ընտրություններ են լինելու, Գյումրիում հաղթելն ու ուժերը չափելը խիստ կարևոր է բոլոր ուժերի համար։

Եվ այսպես, ովքե՞ր են այն թեկնածուները, որոնք արդեն հայտարարել են արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն՝ Սարիկ Մինասյանն, արդեն 2 ամիս է՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նա, որպես քաղաքապետի պաշտոնակատար, արդեն սկսել է ակտիվորեն հանդիպել բնակիչների հետ։ Սակայն սա այն դեպքն է, երբ պաշտոնն առավելություն է տալիս մյուս թեկնածուների նկատմամբ,  և այս հանդիպումները բնակիրների, կարելի է նաև քարոզարշավ դիտարկել։ Մինասյանը շրջում է քաղաքի թաղամասերով, լուսակետեր ավելացնում, քաղաքային գերեզմանոցում ապօրինի հուղարկավորումներն արգելում, թափառող շների խնդրի լուծումը մատնանշում և այլն։ Ի դեպ, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ էր գտել նաև Գյումրիում թափառող շների համար ապաստարանների կառուցումը։ Բայց «Բալասանյան դաշինքի» հետ ունեցած 2,5  տարվա կոալիցիոն կառավարման ընթացքում ոչ մի ապաստարան էլ չկառուցվեց։

Նախկին քաղաքապետ, 2000-2012 թվականները Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանը նույնպես ակտիվ քարոզարշավ է սկսել։ Նա ընտրություններին կմասնակցի Կոմկուսի ցուցակով։ Վարդան Ղուկասյանն  ընտրողներին ցուցադրել է Ազգային Ժողովում իր երիտասարդ ժամանակվա ելույթը, որտեղ դժգոհում էր այն մասին, թե Գյումրին չի զարգանում, ներդրումներ չեն արվում, քաղաքը պետք է ազատ տնտեսական գոտի դարձնել։ Գյումրիի ու գյումրեցու «շահերը պաշտպանող» նախկին քաղաքապետի նկատմամբ հիմա մի քանի քրեական գործ կա։ Նա մեղադրվում է օրենքի խախտմամբ համայնքային գույքերն ինքն իրեն օտարելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի միջոցով  օրինականացնելու, ինչպես նաև փողերի լվացման համար։  Վարդան Ղուկասյանի տնօրինած 24 գույք ապօրինի ծագման է որակվել և ենթակա է վերադարձման։ Նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները նաև տարբեր աղմկոտ քրեական պատմություններում են ներգրավված։ Հիմա Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին ու շիրակցիներին կոչ է անում միանալ իր սկսած պայքարին, այն է՝ Ակադեմիական քաղաքը կառուցել Գյումրիում։

Ընտրապայքարի է դուրս եկել գործարար, «Մենք» ՀԿ-ի ղեկավար Կարեն Սիմոնյանը։ Նրա  պաստառներն էլ արդեն փակցված են Գյումրիում։   Հավանական այս թեկնածուն կոչ է անում  գյումրեցիներին միանալ իրենց կազմակերպած ստորագրահավաքին՝ պահանջելու կառավարությունից քաղաքում ազատ տնտեսական գոտու ստեղծել։ Նա վստահեցնում է, որ իր այդ ծրագրով քաղաքը կվերածվի ներդրումային և արդյունաբերական կենտրոնի, 15.000 և ավելի նոր աշխատատեղեր կբացվեն, ավելի քան 500 միլիոն դոլարի ներդրում կլինի, կխթանվի գիտատեխնոլոգիական առաջընթացը:

Գյումրիում ազատ տնտեսական գոտի բացելու, նույնիսկ քաղաքը հարկերից ազատելու նախագծեր ու խոստումներ շատ թեկնածուների ու քաղաքական գործիչների օրակարգում են եղել,  նախորդ՝ և՛ համապետական, և՛ ՏԻՄ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, բայց  այս խոստումները մնացել են թղթի վրա։ Ի դեպ, այն ժամանակ, խոստումները շատ ավելի համեստ էին, 1500-ից ավելի աշխատեղ խոստացող թեկնածու չկար։

Պրոդյուսեր, գործարար Ռուբեն Մխիթարյանն, ինչպես ինքն է ասել՝ իր կյանքի հերթական, շրջադարձային որոշումն է կայացրել՝  Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու  «Իմ հզոր համայնք» կուսակցության միջոցով։ Ասում  է՝ ուզում եմ գյումրեցիներին իրական այլընտրանքի հնարավորություն տալ,  ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու եմ՝ օրվա իշխանություններին տապալելու նպատակով։ Այս հայտարարությունից հետո համացանցում նրան անվանեցին Միշիկի հայտնի պրոդյուսեր, Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի դրածո։

Գյումրիում առաջիկա ընտրություններին մասնակցողների ցանկում շրջանառվում է նաև «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ ԴՕԿ կուսակցության անունը, որի նախընտրական ցուցակը ըստ շրջանառվող խոսակցությունների, գլխավորելու է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի նախկին երկարամյա տնօրեն Սոնա Հարությունյանը։ Հիշեցնենք, այս կուսակցության հիմնադիրը հայտնի Վարդան Ղուկասյանն է, հանրությանն առավել հայտնի է ԴՈԳ անունով։

Ինչպես նա, այնպես էլ մյուս քաղաքական ուժերի հավանական թեկնածուները դեռ պասիվ են։ Շրջանառվում է նաև Շիրակի նախկին մարզպետ, Հայ հեղափոխական Դաշնակցության անդամ Հովսեփ Սիմոնյանի անունը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտնել է Ապրելու երկիր»-ը, որի թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, լինելու է Գյումրու գործող ավագանու անդամ նույն խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։ Շրջանավում է նաև Գյումրու ավագանու ՀՀԿ  խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի, ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի անունները, որոնք հնարավոր է առաջադրվեն։  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Մարտուն Գրիգորյանն արդեն հաստատել է, որ մասնակցելու է և առաջադրվելու է, թե ինչ ֆորմատով, ո՞ր կուսակցությունով, դեռ չի հայտնել։  Սուրեն Սուրենյանցի ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը նույնպես  հայտարարել է, որ մասնակցելու է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին։

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը նույնպես հաստատել է իր առաջադրման մասին։ Ի դեպ, նա հայտնի է որպես 2018 թվականին սկսված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ, որն ուղղված էր ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի։

Կարինե Կազարովա

Նորություններ