Ներդրվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ․այն պարտադիր է լինելու 2026 թվականի հունվարի 1-ից | Region

Ներդրվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ․այն պարտադիր է լինելու 2026 թվականի հունվարի 1-ից

Փետրվար 19,2025 15:36

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշում է՝ եկող տարվանից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային տարբերակով

«2025 թվականի հուլիսի 1–ից կամավոր, իսկ արդեն 2026 թվականի հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը, բացառությամբ որոշ դեպքերի, կնքվելու են էլեկտրոնային համակարգով։ Ամբողջ գործընթացը կազմակեպվելու է թվային եղանակով՝ համաձայն 2024 թվականի դեկտեմբերի 4-ին աշխատանքային օրենսգրքում ընդունված փոփոխությունների նախագծի»,- այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում  հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նրա ներկայացմամբ՝ գործելու է պորտալ, որտեղ կարող են մուտք գործելու գործատուները, լրացնել անհրաժեշտ դաշտերն ու ստեղծել աշխատանքային պայմանագիրը։

Գործընթացն, ինչպես ասաց պաշտոնյան, իրականացվելու է պետեկամուտների կոմիտեի անմիջական վերահսկողությամբ։ Նոր համակարգը հնարավորություն է ընձեռելու աշխատանքային պայմանագրում հավելյալ կետեր ավելացնելու՝ աշխատողի և գործատուի համաձայնությամբ։ Վերջում պայմանագիրը հաստատվելու է երկու կողմերի էլեկտրոնային ստորագրություններով։

Ժորա Սարգսյանը վստահեցնում է՝ աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի ներդրումը մի քանի խնդիրներ կլուծի․«Իրականության մեջ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ աշխատանքային հարաբերությունները ծագում են,  բայց աշխատողը այդպես էլ իր աշխատանքային պայմանագրի օրինակը չի ստանում։ Համակարգի ներդրմամբ այս խնդիրը ևս կլուծվի, որովհետև ի սկզբանե համակարգը կստեղծվի, և բնականաբար կողմերը հենց առաջին պահից կունենան աշխատանքային պայմագրի իրենց օրինակը»։

Նոր համակարգի գործարկելու դեպքում չեն լինելու աշխատանքային պայմանագրեր, որոնք չեն համապատասխանի աշխատանքային օրենսդրությանը, որովհետև պարտադիր դաշտերի սխալ լրացման դեպքում գործատուն չի կարողանա շարունակել գրանցման գործընթացը։  Պաշտոնյայի ներկայացմամբ՝ այս պահին կատարված ուսումնասիրություններով, շատ են այն դեպքերը, երբ պայմանագրերում լինում են խնդիրներ՝ գործող աշխատանքային օրենսդրության կարգավորումների հետ կապված։

Հարցին, թե ի՞նչ է սպասվում այն աշխատողներին, որոնց պայմանագրերը կնքվել են մինչև նոր նախագծի ընդունումը, թղթային տարբերակով, Ժորա Սարգսյանը պատասխանեց․«Աշխատանքային օրենսգրքով նաև այս մասով են նախատեսվում կարգավորումներ։ Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրամադրվելու բոլոր գործատուներին, որպեսզի ներդրված հարթակում լրացնեն նաև իրենց այն աշխատողների տվյալները, որոնք ավելի վաղ են ընդունվել աշխատանքի։ Նախագծի նպատակն է՝ հավելյալ թղթաբանությունից խուսափելը, և գործատուների համար հնարավորինս դյուրին պայմաններ ստեղծելը»։

Հավելենք, որ այս պահին արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ապահովելու է գործընթացների մեկնարկը, և իրականացնելու  է  ծրագրային ապահովմանն ուղղված աշխատանքները։

Նիկոլ Մարգարյան

 

 

Նորություններ