«Դուք ամուսնացած մարդու եք մոտեցել, նախ մենք պետք է ամուսանալուծվենք մեկից, նոր ամուսնանանք մյուսի հետ»․Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Երևանում ընթացող ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ԵԽ պատգամավորն ասաց՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիները ավելի ու ավելի պակաս են աջակցում ԵՄ ընդլայնմանը
Երևանում այսօր ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմելով Եվրոպական խորհրդարանի գործընկերներին, ասաց, որ այս գործընթացը, (նկատի ունի որ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը) կարող է հանգեցնել շատ բարձր ակնկալիքների հասարակության շրջանում, և ի վերջո սա կարող է բոլորի համար խնդիր դառնալ։
Ըստ Մամիջանյանի՝ հայ հասարակությունը հիմա որոշակի հայտարարությունների պատճառով կարծում է, որ ՀՀ-ն կլինի ԵՄ անդամ պետություն։
Նա դիմելով ԵԽ պատգամավորներին՝ ասաց․ «Ներողություն եմ խնդրում, որ դուք եք ստիպված սա լսել, քանի որ դուք այն մարդիկ չեք, որոնք հասցեատերերն են։ Ձեզ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք Եվրոպական խորհրդարանում իմ երկրի համար։ Կարծում եմ՝ ԵՄ-ն պետք է որոշակի հստակություն ունենա ԵՄ-Կատար էներգետիկ հարցում, երբ մարդու իրավունքների հարցերը և ժողովրդավարական ազատությունների հետ կապված խնդիրները դրվել էին էներգետիկայի հիմքում, բայց նույն բանը չենք տեսնում նաև Ադրբեջանի հարցում։ Դուք այս ուղերձի հասցեատերը չեք։ Սա հենց իմ կառավարությանն է վերաբերում՝ առնվազն պատասխանատու մարդկանց»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն էլ արձագանքեց․ «Երբ խոսքը ՀՀ անդամակցության նպատակադրման մասին է, իմ կարծիքով՝ չենք կարող միանգամից խոստանալ, որ կամուսնանանք առանց ժամադրությունների։ Կարող ենք մեր առաջ նպատակ դնել, ցանկանալ, բայց կան շատ բաներ, որոնք անկանխատեսելի են, և մենք էլ աշխատանք ունենք անելու։ Մեր անդամ պետությունների քաղաքացիները ավելի ու ավելի պակաս են աջակցում ԵՄ ընդլայնմանը, ուզում են կենտրոնանալ իրենց եղած խնդիրների վրա։ Հետևաբար` նրանց համոզելը հեշտ չի լինելու, քանի որ դա պետք է հաստատեն բոլոր անդամ պետությունները»։
Նա նշեց, որ ԵՄ-ին միանալու համար Հայաստանն էլ շատ բան պետք է անի՝ առանց վերջնական խոստում պահանջելու մյուս կողմից։
«Երբ խոսք կգնա Ադրբեջանի հետ համաձայնագրի մասին, այո, մարդու իրավունքների պահանջները պետք է դրվեին։ Բայց մյուս կողմից՝ այլ երկկողմ պայմանագրերում կան մարդու իրավունքների պահանջներ, որոնք ընդամենը թղթի վրա գրված են։ Ավելի լավ է նշել ու աչք փակել դրա վրա՞, թե առհասարակ չնշել»,-ասաց ԵԽ պատգամավորը։
Հայկ Մամիջանյանն էլ ասաց․ «Մենք ունենք, կիսում ենք քրիստոնեական, ժողովրդավարական, եվրոպական արեժահամակարգը։ Կասկած չկա, որ Հայաստանը Եվրոպա է, բայց, այո, մենք այսօր չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսնացել ենք։ Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, վատ է, այլ հարց է։ Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Նախ մենք պետք է ամուսանալուծվենք մեկից, նոր ամուսնանանք մյուսի հետ»։