«Ես կողմ չեմ, որ Գյումրին ընտրություններով տանեն ցնցումների։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»․Առուշանյան | Region

«Ես կողմ չեմ, որ Գյումրին ընտրություններով տանեն ցնցումների։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»․Առուշանյան

Փետրվար 27,2025 16:14

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի կարծիքով՝ Գյումրիում չկա լարվածություն նախընտրական գործընթացների հետ կապված։ Այսօր կառավարության նիստից  հետո լրագրողների  հետ ճեպազրույցում մարզպետն անդրադառնալով Գյումրիում նախընտրական գործընթացներին, քաղաքապետի թեկնածուների ակտիվությանն, ասաց՝  ես չէի ասի, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը լարված է, Գյումրիի հետ կապված միշտ գույները շատ են խտացնում:

«Թե ինչքանով են այդ պրոցեսները դուրեկան կամ ոչ դուրեկան, կասեն գյումրեցիները։ Ես կարող եմ ասել՝ գյումրեցուն հարիր կազմակերպել ընտրությունները և խոսել այն, ինչը հարիր է գյումրեցուն։ Գյումրու ընտրությունները պետք է տարբերվեն իրենց բարի լինելով։ Պետք չէ քաղաքը տանել ցնցումների»,-ասաց մարզպետը։

Նա ասաց, որ թեկնածուներն ունեն իրենց խոսույթը և պարբերաբար անում են քաղաքական հայտարարություններ։«Եվս մեկ անգամ ասում եմ՝ այդ քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել և տանել անձնական դաշտ։ Քաղաքը ընտրություններով տանել ցնցումների՝ ես կողմ չեմ այդ քայլին։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»։

Նորություններ