Համբերությանս բաժակը լցվել է. Սամվել Բալասանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր արձագանքել է Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ,
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի անձը Գյումրիում անցկացվող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ , հայտարարելով «Սև Բերդ» ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին:
Առողջությանս հետ կապված և իմ ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չեմ անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին, սակայն համբերությանս բաժակը լցվել է:
Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում Է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան:
Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սև Բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻՑ և ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական(որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սեւ բերդ»-ում՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար: Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է «Սև Բերդ» ամրոցը ՝ մեր քաղաք հարյուր հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ մեկ այցեքարտը:
Ինչ վերաբերում է «Սև Բերդ»-ի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը,անմեղության կանխավարկած խախտելը,քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ:
«Սև Բերդ» ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից այլ ոչ թեն համայնքից: Այնպես որ, «Սև Բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին:
Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից:
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ,
Առողջական խնդիրներս կարգավորվելուն պես վերադառնալու եմ Գյումրի: Ինձ հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին իրավական և քաղաքական պատասխանը տալու եմ, իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով «իրավական գործընթացը» դատաքննությունը մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է:
Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդ»- ի դեմ:
Սիրելի գյումրեցիներ, իմ կոչն է ձեզ՝ ակտիվորեն մասնակցել Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին՝ մինուս մեկ ձևաչափով, մերժելով մեր ազգին սև ու սպիտակի բաժանած խմբակին և նրանց դրածոյին:
Աստված Պահապան Հայ Ազգին»։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներով, կառավարության ներկայայացուցիչների հետ Գյումրիում է, որտեղ ներկայացվեց Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ի նախընտրական ծրագրերը, ու դրամահավաքի արդյունքները։
Նա իր ելույթում հիշեցրեց, որ իրենց քննադատում են, որ իշխանությունն իր խոստումը չի կատարում՝ թալանվածը հետ չի վերադարձվում։ Չհամաձայնվելով այդ քննադատության հետ՝ Փաշինյանը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա թիմի օրինակը բերեց՝ նշելով, որ Գյումրիում տեղի ունեցող արտահերթ ընտրությունները հենց այդ գործընթացում իրենց հաջողության վկայությունն են․« Գյումրիի ավագանիում խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը՝ «Սև Բերդը» սեփականաշնորհվել է ապօրինի ձևով և պետք է վերադարձվի համայնքին։
Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։
Իհարկե, որոշակի հանգամանքի պայմաններում Գյումրիի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանին հանդես եկավ նախաձեռնությամբ, և այդ պայմաններում, ըստ էության, ավագանին կողմ քվեարկեց, բայց պիտի պարզվեր, որ դրանով աշխատանքն ավարտված չէ, և Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը։
Բայց ամենակարևորը ներդրվում է նոր ինստիտուտ, հենց կոնկրետ Գյումրիում, ընդհանրապես ՀՀ-ում, որը ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է Գյումրիում և հանրապետության մնացած համայնքներում իրականացվի ապօրինի սեփականաշնորհված, ժողովրդական լեզվով ասած՝ թալանված կամ գողացված գույքը։ Ահա էստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ և, ըստ էության, Գյումրի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով՝ հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ, և դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրություններն իրականում հենց այս համատեքստը և այս ենթատեքստը ունեն»։
Նորություններ

