«Իշխանությունը վախենում է աթոռ կորցնելուց, և մենք պետք է բռնենք այդ վախից»․ Մանե Թանդիլյան | Region

«Իշխանությունը վախենում է աթոռ կորցնելուց, և մենք պետք է բռնենք այդ վախից»․ Մանե Թանդիլյան

Մարտ 12,2025 19:32

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները Մանե Թանդիլյանին խնդրել են դադարեցնել հացադուլը

«Այսօր հացադուլի 12-րդ օրն է, և բոլորդ գիտեք՝ ինչին էր այն ուղղված։ Իրականում, սա խնդրանք էր Ռուբեն Վարդանանին խնայելու իր կյանքը, որովհետև բոլորս քաջ գիտակցում ենք, թե Ռուբեն Վարդանյանի կյանքը ինչ արժեք ունի հայ ժողովրդի համար»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանն այսօրվանից դադարեցնում է հացադուլը՝ առողջական վիճակից ելնելով և ընդառաջ գնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հորդորին։Նա հայտնել է, որ զրույցել է  Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ «Նրա կինն ու քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, որ նա այնտեղ վատ չզգա մեզ համար և ավելի ուժեղ լինի։ Մենք նրանց խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,–ասաց Թանդիլյանը։

«Ցավոք, մենք արձանագրում ենք, որ ժողովուրդը միշտ չի, որ գիտակցում է, թե ով է Բաքվի բանտում», – նշեց նա՝ բացատրելով, որ շատերը դեռ չեն հասկանում, թե ով է Ռուբեն Վարդանյանը․

«Լրատվամիջոցների ու Ռուբեն Վարդանյանի ձայնային ուղերձի շնորհիվ մարդկանցից շատերը սկսեցին ոչ թե ցավալ, այլ տեսնել՝ ով է, ինչպիսին է, ինչի մասին է Վարդանյանը, և ինչ է անում այսօր Բաքվի բանտում Հայաստանի համար»,- նշեց նա։

Մանե Թանդիլյանը համոզված է, որ մարդիկ, ովքեր կարողանում են հասկանալ, տեսնում են Վարդանյանի պայքարի կարևորությունը․ «Նրանք, ովքեր ուղեղով տկար են, միայն նրանք չեն տեսնում»,- ընդգծեց նա։

Թանդիլյանը վստահեցրեց, որ հայ ժողովուրդը վերականգնելու է իր արժանապատվությունը․ «թեպետ թանկ գին ենք վճարելու բոլորս»,-նկատեց նա։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները Մանե Թանդիլյանին խնդրել են դադարեցնել հացադուլը․« Մեզ հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի հանկարծ Ռուբենը մեր քայլից որևէ կերպ այտեղ վատ չզգա»։

Թանդիլյանը տեղեկացրեց, որ, չնայած հացադուլը դադարեցրել են, բայց պայքարը շարունակելու համար անցել ենք գործողությունների ավելի ակտիվ փուլ․ «Հայ գերիներ են գտնվում Բաքվի բանտերում, բայց մեր առօրյան չի փոխվում, այսպես լինել չի կարող»։ Նա հավելց, որ դիմում են տարբեր միջազգային կառույցներին, որոնք իրենց պատասխանում են․ «Ձեր իշխանությունները պետք է ինչ-որ բան անեն, որ մենք աջակցենք»։

«Իշխանությունը վախենում է աթոռ կորցնելուց, և մենք պետք է բռնենք այդ վախից», – ասաց Մանե Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում 23 հայ գերեվարված անձ է  պահվում, այդ թվում՝ Արցախի է ռազմաքաղաքական նախկին  ղեկավարությունը, որոնց թվում է՝ Ռուբեն  Վարդանյանը։ Նա 20 օրից ավելի է՝ հացադուլի մեջ է՝ իր բողոքն արտահայտելով  Ադրբեջանում ընթացող շինծու դատավարության։

Սյուզաննա Խառատյան

 

 

Նորություններ