«Ինչ կրակոց, ոստիկանության տվյալներով՝ Գյումրին կրիմինալով 7-րդ կամ 5-րդ տեղն է եղել։ Մենք «պանյատով» ենք ապրել, ասել ենք՝ ճիշտ ու սխալ կա»․Վարդան Ղուկասյանը քարոզարշավի էր

Գյումրու քաղաքապետի թեկնածուն այսօր իր քարոզարշավի ժամանակ հիշեց խորհրդային տարիները, իր կառավարման տարիները, նշելով՝ ինչ որ տեսնում եք քաղաքում, իմ կառուցածն է։
Երեկվանից մեկնարկել է Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուների պաշտոնական քարոզարշավը։
Իրեն եկեղեցական համարող Գյումրու նախկին քաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօր իր քարոզարշավը սկսեց Սուրբ Մծբնա» եկեղեցու բակից, Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց, Տերունական աղոթքով։
«Սա քաղաքապետի պայքար չէ, լավ իմացեք, եթե միայն քաղաքապետի խնդիր լիներ․․․
Ես քաղաքականությունում իմ սուրը փառքով դրել էի պատյան: Այսօր կրկին ոտքի կանգնեցի, լոկ մի բանի համար, քանի որ տեսնում եմ, որ երկիրը տանում են կործանման: Յուրաքանչյուր հայորդի, ում մեջ հոսում է Հայկ Նահապետի արյունը, չի կարող ձեռնպահ մնալ այսօրվա վիճակը տեսնելով: Երկիրը տանում են «թուրքական վիլայեթ» դարձնելու: Այսօրվա իշխանությունները բացել են սահմանները, արցախյան 12 քաղաք, 241 գյուղ, 60 գործարան, 50 հանքեր, 250 դպրոց, 5000 հուշարձանան և 14000 քմ հանձնել են թուրքերին, և այնքան անպատկառ են, որ ցանկանում են ազնիվ ապրած մարդկանց վատաբանելով նորից պահել իշխանությունը»,-ասաց թեկնածուն։
Նա հայտարարեց, որ իրենից հետո Գյումրին ղեկավարած ուժերը ոչ մի փոփոխություն չեն կատարել: Ապա ներկայացրեց իր կառավարման օրոք կատարած աշխատանքները․ «Իմ օրոք կառուցվել է 17000 բնակարան: 1988 թվականից մինչև այսօր եղած բոլոր քաղաքապետերը իմ կառուցածի կեսը չեն կառուցել: 13 տարում ոչ մի նոր շենք չեն կառուցել, մարդկանց թողնելով տնակների մեջ: Երբ ես ստանձնեցի Գյումրու քաղաքապետի պաշտոնը քաղաքի բյուջեն 300 միլիոն դրամ էր, ես իմ ղեկավարման 13 տարիների ընթացքում բյուջեն սարքեցի 3 միլիարդ 750 միլիոն դրամ: Մշակույթի, կրթության, սպորտի և քաղաքապետարանի ենթակառուցվածքների աշխատակիցների աշխատավարձերը 10 անգամ բարձրացրել եմ: Քաղաքում կար 50 լուսակետ, դարձրել եմ 4770 լուսակետ: Ինչ որ տեսնում եք քաղաքում, իմ կառուցածն է»:
Նախկիններին ու ներկաներին էլ անդրադարձավ, ասաց՝ երկրի ունեցած ռեսուրսները կենտրոնացված են մասնավոր անձանց ձեռքում․«Մեր տեսակին ճանապարհին խփում են, բանտարկում են, կամ երկրից աքսորում են, որպեսզի մնան ստրուկները և իրենք կարողանան կատարել իրենց գործը՝ քանդեն Հայաստանը: Երկիրը ղեկավարվում է անգլոթուրքական շների կողմից»։
Նախկին քաղաքապետն ասաց, որ ինքն էլ ժողովրդի պես բանկերի տակ ճռռում է․«Հլը գնացեք, բերեք էդ գումարները, երկիրը կառուցեք, քաղաքը կառուցեք։ 7 տարի դուք ոչ մի բան չեք անում, միայն ստից թոզ եք փչում, ժողովրդին խաբում եք։ Գիտենք՝ ձեզ ովքեր են բերել, նախկիններն են ձեզ բերել, նույն մարդիկ, բոլորդ իրար հետ, հերիք է ժողովրդին խաբեք»։
Գովեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին, որ իր նախընտրական ծրագրով առաջարկում է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնել։
Ի պատասխան իրեն վախեցնել ցանկացողներին, նախկին քաղաքապետն ասաց՝ իմ տերս Աստված է, լավ իմացեք, հավատքով եմ, ես աստվածապաշտ տղա եմ, մի բան գիտեմ, որ ասում են՝ վախկոտությունը թերահավատության նշան է, ոնց որ ասում էր Վարդան Մամիկոնյանը՝ մեռնիմ էս քո գերեզմանին»։
Ասաց՝ եթե պետք լինի,հանուն ճշմարտության ինքը պատրաստ է նահատակության, ինչպես որ սրբերն էին գնում էին նահատակության։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունով առաջադրված Վարդան Ղուկասյանը Խորհրդային տարիներն էլ հիշեց․«1925 թվականին Կիրովականի քիմիական կոմբինատն արտադրում էր կարբիտ ու էլեկտրոտ, էդ էլ փակեցիք, Թուրքիայից եք ներկրում։ 1941 թվականին Հայաստանն արտադրում էր 110-120 տեսակի զենք -զինամթերք, իսկ այսօր պատերազմի շեմին կանգնած, պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ի՞նչ ենք արտադրում»։ Հիշեց նաև, որ Գյումրիում կոշիկի գործարան կար։
Ասաց նաև, թե հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում հինգ տարի առանց կռվի չի մնացել, միայն ռուսների հետ եղած 75 տարիների ընթացքում ենք խաղաղ ապրել․«Հիմա սրանք ռուսներին ուզում են էստեղից քշեն, որ ո՞ւմ բերեն, թուրքերի՞ն, ուրեմն երբեք, չի ստացվի, չի ստացվի»։
Վարդան Ղուկասյանը խոստցավ՝ եթե ընտրվի՝ «Վեոլիա Ջրին» պատժելու է, այն, ջրամատակարարման կառավարումը հետ է վերցնելու «Վեոլիա Ջրից»։
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որտեղ հիշեցնում են, ինչպես Ղուկասյանն ասաց՝ «ինձ կապում են կրակոցների հետ», նշեց․ «Ինչ կրակոց, ոստիկանության տվյալներով՝ երկրորդ քաղաքը յոթերորդ կամ հինգերորդ տեղն է եղել կրիմինալով, մենք «պանյատով» ենք ապրել, ասել ենք ճիշտ ու սխալ կա, չի կարելի խուլիգանություն անել, խուլիգանություն չենք սիրել, ջեբկիրություն չենք սիրել, անշնորհքություն չենք սիրել, երեխեքին բարիշցրել ենք, որ կոնֆլիկտ չլինի։
Ելույթից հետո Վարդան Ղուկասյանը շփվեց գյումրեցիների հետ, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ քաղաքացիներն իրեն կընտրեն․«Ժողովուրդը խոմ քոռ չէ, չի տեսնի ո՞վ է էս ամեն ինչը սարքել: Մի մարդ, ում օրոք կառուցվել է ամբողջ քաղաքը: Մնացածը չգիտեմ ի՞նչ են արել, գուցե մի որոշ բան․․․»։
Նիկոլ Մարգարյան