Չեզոքացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հարձակումները, թմրանյութերի վաճառքը, բարեփոխել տրանսպորտը բարձրացնել աշխատավարձերը․ «Եվրադաշինք»-ի խոստումները | Region

Չեզոքացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հարձակումները, թմրանյութերի վաճառքը, բարեփոխել տրանսպորտը բարձրացնել աշխատավարձերը․ «Եվրադաշինք»-ի խոստումները

Մարտ 18,2025 17:05

«Եվրադաշինքը» մասնակցում է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։ Նրա ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանը։

Այս քաղաքական ուժը նախընտրական ծրագրով խոստանում է՝ ընտրվելու դեպքում առաջիկա հինգ տարիներին համայնքային միջոցներն ու հնարավոր ներդրումները պետք է ապակենտրոնացվեն ողջ քաղաքի տարածքում՝ ապահովելով բոլոր թաղամասերի համաչափ զարգացումը։ Այս աշխատանքները ներառում են փողոցների ու բակերի նորոգում, ճանապարհների բարեկարգում, հանգստի գոտիների և խաղահրապարակների կառուցում։ Այս ամենը պետք է ապահովի, որ յուրաքանչյուր տարածք դառնա հարմարավետ՝ բնակվելու, ժամանցի և աշխատելու համար, առանց «արտոնյալ» թաղամասերի ու տարածքների։

Դաշինքի նախընտրական ծրագիրը բավականին ծավալուն է, անդրադառնում է քաղաքում տարիների ընթացքում կուտակված գրեթե բոլոր խնդիրներին։

Ծրագրով նաև նախատեսվում է բարելավել կոմունալ սպասարկման տնտեսությունները, մարզադպրոցները, մանկապարտեզները, թանգարանները, արվեստի, նկարչական, երաժշտական, պարարվեստի դպրոցները, գրադարանները, փողային նվագախմբերը և այլ նման հաստատություններ։

«Եվրադաշինքը» նախատեսում է Գյումրիում նախադպրոցական կրթությունը դարձնել անվճար, ապահովել բոլոր մանկապարտեզահասակ երեխաների համար մանկապարտեզի կամ նախակրթարանի ծառայության հասանելիություն, վերանայել զեղչերի համակարգը:

Գյումրիում թափառող շների խնդիրը երկար տարիներ է՝ չի լուծվում։ Այս ուղղությամբ դաշինքը խոստանում է ստեղծել ապաստարան՝ անասնաբուժական ծառայություններով։

Գյումրիի մեկ այլ լուրջ խնդրի՝ աղբահանության բարելավման ուղղությամբ էլ «Եվրադաշինքը» նախատեսում է համակարգը բարելավվել նոր աղբամանների տեղադրմամբ, աղբի տեսակավորմամբ և վերամշակմամբ։ Այս ուժը նախատեսում է աղբամանների տարածքների ախտահանում, ինչպես նաև սանիտարական մաքրում, փողոցային փոշեկուլների եւ ավլող մեքենաների օգտագործում, սանմաքրման ժամերի վերանայում, համայնքի տարածքի աղտոտման վերահսկողություն եւ վարչական պատասխանատվության համակարգի ներդրում։
Հանրային տրանսպորտի բարելավման նպատակով կավելացվեն երթուղիները, հենաշարժական դժվարություն ունեցող ուղեւորների համար հատուկ փոխադրամիջոցների քանակը կավելացվի, հստակ երթակարգ կսահմանվի եւ ցուցանակներով կանգառները կկահավորեն, ինչպես նաև նախատեսվում է էլեկտրոնային քարտավորում հեռախոսային ծրագրով ուղեւորների իրազեկում երթակարգի մասին, սպասարկման որակի բարելավում, այդ թվում՝ վարորդական էթիկայի նորմավորում։

«Եվրադաշինքը» խոստանում է կարգավորել քաղաքի բաց առևտուրը, ասում է՝ մայթերն ազատագրվելու են սննդի եւ այլ անկանոն առեւտրից, ստեղծվելու են շուկայական պատշաճ պայմաններով տարածքներ՝ գյուղատնտեսական եւ այլ ապրանքների համար։

Գերեզմանատների կառավարումը ևս կբարեփոխվի, նախընտրական ծրագրով այս քաղաքական ուժը խոստանում է այս ոլորտում ստվերային տնտեսությունը վերացնել, իսկ հողհատկացումը պարզեցնել։

Քաղաքաշինության ոլորտում դաշինքի ծրագրով նախատսվում է՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոցի թանգարանի պահպանություն, հայտնի հուշարձան-շինությունների նորոգում կամ նորոգմանն օժանդակություն,  շինթույլտվությունների ընթացակարգի եւ ժամանակացույցի դյուրացում եւ կրճատում, հասցնելով հայտը ներկաայցնելուց հետո 3-6 ամսվա ժամկետի, հասարակական զուգարանների կառուցում, ստորգետնյա անցումների նորոգում, վերնանցումների կառուցում, զավթված եւ ապօրինի ցանկապատած հանրային տարածքների, մայթերի,սիզամարգերի, այլ կանաչ տարածքների, բակերի ազատում եւ վերադարձ քաղաքացիներին, համայնքապատկան տարածքներում ապօրինի շինությունների վերացումկամգլխավոր հատակագծին չհակասելու դեպքերում՝ օրինականացում համայնքային շահի գերադասմամբ, ջրահեռացման համակարգի վթարային հատվածների նորոգում եւ մասնակի վերակառուցում, հեծանվուղիների նախագծում եւ մասնակի կառուցապատում, ներկայանալի պատկերասրահի ստեղծում, շինարարական նորմերի հսկողություն, շինհրապարակների պատշաճ ցանկապատում և այլն։

Զբոսաշրջության խթանումը կդառնա գլխավոր ուղղություններից մեկը․ նշված է ծրագրում։ Նախատեսվում է քաղաքի պատմական և մշակութային արժեքների բարձրացումը՝ հուշարձանների, շենքերի և փողոցների կահավորման միջոցով։ Տեղադրվելու են բազմալեզու քարտեզներ, իսկ ուղեցույցներ և տպագիր քարտեզներ կտրամադրվեն զբոսաշրջային գործով զբաղվող անձանց և օջախներին։ Հուշարձանների և պատմական վայրերի նկատմամբ մեծ ուշադրություն կդարձվի՝ տեղադրվելու են արդիականացված հուշատախտակներ QR կոդերով։ Ստեղծվելու են նոր թանգարաններ՝ սպորտի, հումորի, խոհանոցի և այլ թեմաների շուրջ, իսկ մշակութային, արհեստագործական, գաստրոնոմիական և միջազգային փառատոններ կկազմակերպվեն։ Թանգարանների և զբոսաշրջային օբյեկտների համար միասնական համացանցային կայք կստեղծվի՝ էլեկտրոնային տոմսերի համակարգով։ Ծրագրում նշված է, ո ձմեռային զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացումը կդառնա քաղաքի զբոսաշրջային սեզոնների երկարաձգման կարևոր բաղադրիչ։

Գյումրիում ներդրումների խթանման համար այս ուժը խոստանում է ներդրողների շահերի բարեխիղճ սպասարկում և խտրականության բացառում, հատուկ ծրագրերի բաժնի ստեղծում համայնքապետարանում՝ ներդրումների և դրամաշնորհների ներգրավման համար, որտեղ կազմվելու է առաջարկների ցանկ, քարտեզ և իրավակարգավորումների փաթեթ, որը կծառայի ներդրողներին։

«Եվրադաշիքնը» նախատեսում է սոցիալական պաշտպանության փաթեթների ներդրում քաղաքապետարանի եւ ՀՈԱԿ-ների աշխատողների համար, յուրաքանչյուր նորածին երեխայի համար կտրամադրվի 40,000 դրամ միանվագ աջակցություն։ Քաղաքի կարիքավոր քաղաքացիների, պատերազմի զոհերի ընտանիքների և հաշմանդամների համար նախատեսվում է հատուկ սոցիալական օժանդակությունների շարունակական տրամադրում, ինչպես նաև ներառականության խթանում։ Սոցիալական խնդիրների լուծման համար նախատեսվում է նաև ժամանակավոր կացարաններ եւ տնակային տնտեսությունների վերացում, համայնքային, պետական եւ բարեգործական միջոցների ներգրավմամբ անօթեւանության մեղմում, այդ թվում՝ անօթեւանների վերաբնակեցման համար լքված կիսակառույցների վերակառուցում, սոցիալական բնակարանների կառուցում եւ հատկացում առանց սեփականության իրավունքի շնորհման։

«Եվրադաշինքի» ծրագրի անվտանգության խնդիրների կարգավորման շրջանակներում նախատեսվում է հետևյալ լուծումները՝ գիշերային լուսավորության ցանցի ընդարձակում, ճանապարհային նշանների, կահավորման և արագության սահմանափակման միջոցների ներդրում, թեքահարթակների արդիականացում, պարեկային ոստիկանության հետ համատեղ երթևեկության և հասարակական կարգի ավելի արդյունավետ ապահովում։ Ապահովելու են նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ, անվտանգության համակարգերի արդիականացում համայնքապետարանում և համայնքային հաստատություններում, խաղերի անվտանգության վերահսկողություն զբոսայգիներում, ինչպես նաև կիսավեր շենքերի վնասազերծում։

Այս ուժն անդրադառնում է Գյումրիում մշտական քննարկման թեմային՝ ՌԴ 102-րդ ռազմաբազային։ Դաշինքը խոստանում է կարգավորել ռազմաբազայի հետ կապված խնդիրները։ Դաշինքը վստահեցնում է՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զբաղեցրած տարածքի գույքահարկի գանձման մեխանիզմ մշակել, քանի որ մինչ այժմ 102-րդ ռազմաբազան, Գյումրի քաղաքից զբաղեցրած իր տարածքների համար համայնքային բյուջե գույքահարկ չի վճարել:

«102-րդ ռազմական բազայի զինծառայողներից բխող ֆիզիկական վտանգների (զինված եւ անզեն հարձակումներ քաղաքացիների վրա, թմրանյութերի վաճառք և այլն) կառավարման եւ չեզոքացման մեխանիզմների ստեղծման համար, ՀՀ պետական իշխանությունների հետ քննարկումների միջոցով, ստեղծել հատուկ մեխանիզմ: Անհնարինության դեպքում, մշակել եւ գործարկել այդ ռիսկերի կառավարման սեփական մեխանիզմներ. արտաքին դիտարկման և արագ արձագանքման համակարգերի ներդրում, հանրային իրազեկման վարժանքներ»,-նշված է ծրագրում:

Նախընտրական ծրագրի վերջին կետը վերաբերում է արդյունավետ կառավարմանը՝ համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերի բարձրացումից (30-60%) մինչև համայնքային կառավարման համակարգերի բարեփոխումներ: Նախատեսվում է բարեվարքության, թափանցիկության, հանրային հաշվետվողականության ապահովում, հանրային մասնակիցություն և ֆինանասների արդյունավետ օգտագործում: Կիրականացվեն մրցույթներ, վերապատրաստումներ, թվային կառավարման համակարգի ներդրում, ինչպես նաև քաղաքացիների բողոքների համար անանուն թվային հարթակ:

Հիշեցնենք, որ Գյումրիում արտահերթ ընտրությունը լինելու է մարտի 30-ին։ Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն և 3 դաշինք։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ