ԱԱԾ տնօրեն․ «Ադրբեջանի հետ տեղի է ունեցել գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովների հանդիպում»

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց պատասխանել սահմանային իրավիճակի մասին հարցերին։ Նա միայն ասաց, որ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ սահմանին ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա, իսկ հարցին՝ արդյոք Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից կրակոցներ են եղել, նախարարը պատասխանել է՝ բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, ՊՆ-ի հաղորդագրություններում տեղ են գտնում։ Իսկ ՀՀ ՊՆ-ն նման հաղորդագրություն չի տարածել։
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Բաքվում պահվող հայ պատանդառու և գերավարված անձանց խնդրին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վստահեցրեց՝ Ադրբեջանի հետ տեղի է ունեցել գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովների հանդիպում․ «Ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, դուք գիտեք, թե ինչ հարցրերի մասին է խոսքը, մանրամասնությունները չեմ բացահայտի հիմա։ Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաեւ ծնողների հետ, տեղեկացվել են իրենք այդ հանդիպման արդյունքների եւ շարունակական աշխատանքի վերաբերյալ։ Ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ ամիսներ առաջ ես ասել էի՝ հանդիպում է տեղի ունենալու։ Եվ այդ հանդիպումը վերջապես տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Հիմա նորից նույն կերպ կպատասխանեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա եւ դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որոնք հուզում են մեր անհետ կորածների ծնողներին, գերեվարվածներին` այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանալու»։
Հանդիպման ժամանակ արդյոք քննարկվել է միջազգային հայցերից հրաժարվելու հարցը, այս առնչությամբ Աբազյանն ասաց․ «Ես խնդրում եմ, նշված հարցը պետք չէ այլ դաշտ տեղափոխել։ Նշված հարցը կոնկրետ վերաբերում է գերիների եւ անհետ կորածների հարցերին։ Եվ մեր հանձնաժողովների կողմից միայն ու միայն քննարկվում են նրանց հայտնաբերման, վերադարձի հարցերը»։
ԱԱԾ տնօրենը վստահեցրեց՝ հայկական կողմն ամեն ինչ անելու է գերիների վերադարձի հարցում հաջողության հասնելու համար․ «Այս պահին չեմ ուզում մանրամասներ բարձրաձայնել»։
Քննարկվո՞ւմ է հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը, այս հարցին ի պատասխան էլ Աբազյանը հիշեցրեց, որ 2024 թվականի որոշում կայացվեց, որից հետո Զվարթնոց օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացնում են ՀՀ սահմանապահ զորքերը․«Նույնն իրականացվում է նաեւ Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, եւ մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Այս պահին կոնկրետ որեւէ այլ որոշում չունենք»։