«Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ուժով ստանալ այսպես կոչված «միջանցքը», ապա Իրանը կդիմադրի ցանկացած քայլի, որը կխախտի տարածաշրջանի կայունությունը և երկրների ինքնիշխանությունը»․Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարարը Հայաստանում է, նա այսօր հայտարարել է՝ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած ռազմական լուծման, այդ թվում՝ ուժի կիրառմամբ հաղորդակցության ուղիների բացման փորձերին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հարավային Կովկասի զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, ինչպես նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների փորձերին։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
«Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ ստորագրեն այս կարևոր փաստաթուղթը։ Իրանը տարածաշրջանի բոլոր երկրների անկախության և տարածքային ամբողջականության կողմնակիցն է։ Մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և աշխարհաքաղաքական վերաձևումներին»,- նշեց նա։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը գործընթացին խոչընդոտող նախապայմաններ է առաջ քաշում։
«Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման ժամկետները, վայրը և մյուս մանրամասները։ Սակայն այս պահին մենք նույն պատրաստակամությունը Բաքվից չենք լսում։ Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, ինչը խոչընդոտում է խաղաղ գործընթացը։ Բայց ես ուզում եմ ընդգծել՝ այլընտրանք չկա։ Պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխընդունելի և արժանապատիվ լուծումներ, որոնք կբերեն երկարատև խաղաղության»,-ասաց Միրզոյանը։
Նա նաև ասաց, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն՝ պնդելով, թե այն իբր պարունակում է տարածքային պահանջներ Բաքվի նկատմամբ, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարում։
Իրանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, նշեց, որ Թեհրանը կողմ է այդ գործընթացին, սակայն միայն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման պայմանով։
«Իրանը համարում է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Մենք բացառում ենք ռազմական ուժի կիրառումը տարաձայնությունները լուծելու համար։ Հաղորդակցության ուղիների ստեղծումն ընդունելի է միայն այն դեպքում, եթե դա արվում է պետությունների ինքնիշխանության պահպանմամբ և ազգային օրենքներին համապատասխան։ Սրանից բացի, որևէ այլ տարբերակ Իրանի համար ընդունելի չէ»,- ասաց Արաղչին։
Նա ընդգծեց, որ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած ռազմական լուծման, այդ թվում՝ ուժի կիրառմամբ հաղորդակցության ուղիների բացման փորձերին.«Եթե Ադրբեջանն այնուամենայնիվ փորձի ռազմական ուժի միջոցով ստանալ այսպես կոչված «միջանցքը», ապա Իրանի դիրքորոշումն անփոփոխ կմնա. մենք կդիմադրենք ցանկացած քայլի, որը կխախտի տարածաշրջանի կայունությունը և երկրների ինքնիշխանությունը»։
Սյուզաննա Խառատյան