«Փորձում են հիասթափեցնել ձեզ, որպեսզի չգնաք ընտրության»․Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ից հնչող մեղադրանքների մասին | Region

«Փորձում են հիասթափեցնել ձեզ, որպեսզի չգնաք ընտրության»․Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ից հնչող մեղադրանքների մասին

Մարտ 27,2025 11:45

Քարոզարշավի ընթացքում «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ եթե ինքն ընտրվի, ապա Գյումրիում հանդարտություն է լինելու, ոչ ոք իրեն քաղաքից, ժողովրդից ու օրենքից վեր չի կարողանալու դասել

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված «Մեր Քաղաքը» դաշինքի թեկնածուները երեկ մարզամշակութային կենտրնում քարոզարշավի շրջանակներում հանդիպել են գյումրեցիների հետ։ Նրանք ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, քաղաքի զարգացման իրենց ծրագիրը։

Հանդիպումը մարդաշատ էր։ Դաշինքը քվեաթերթիկում 8 համարն է, սա, ինչպես ասացին թեկնածուները, խորհրդանշական է՝ 8-ը, իրենց ներկայացմամբ՝ հավասարակշռության խորհրդանիշն է։ Նրանք ներկաներին վստահեցրին, թե 8-րդ համարին ընտրելու դեպքում, կընտրեն Գյումրիի հավասրակշռված կառավարումն ու կայուն զարգացումը:

Հայտարարեցին, որ դաշինքի քաղաքապետի թեկնածուն՝ Մարտուն Գրիգորյանն ամբողջ քարոզարշավի ընթացքում իր խոսույթում եղել է զուսպ ու կոռեկտ, չքննադատելով որևէ մրցակցի՝ նրանց հորդորելով չանցնել «կարմիր գծերը»:

«Մեր քաղաքը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Լիզա Գասպարյանն իր ելույթում ասաց, որ ինքը  Մարտուն Գրիգորյանի ենթակայությամբ աշխատում է 2010 թվականից, վստահեցրեց, որ Մարտուն Գրիգորյանի քաղաքապետ ընտրվելու դեպքում քաղաքը ծայրից ծայր մաքուր կլինի, կլուծվեն այնտեղ առաջացած բոլոր տեխնիկական խնդիրները, աշխատակիցները կլինեն մոտիվացված, կտիրի թիմային մթնոլորտ, յուրաքանչյուրը խնդիրներ ունենալու դեպքում կկարողանա անկաշկանդ դիմել քաղաքապետին:

Դաշինքի ներկայացուցիչները պատմեցին, որ 2015 թվականին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությանը հաջորդած բողոքի ցույցների ժամանակ Մարտուն Գրիգորյանն է հանգստացնել վրդովված ու զայրացած ցուցարարներին՝ կանխելով դեպքերի հետագա հնարավոր վտանագավոր զարգացումը։

Դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Թամիրյանն էլ իր ելույթում գովեց Մարտուն Գրիգորյանին․«Բոլորս գիտենք, որ Մարտուն Գրիգորյանը փորձառու քաղաքական գործիչ է, ում պետք է վստահել քաղաքի կառավարումը, մարդ, ով կարող է շտկել քաղաքի մեջքը, տալով նրան նոր շունչ: Մարդիկ կան, ովքեր ասում են. «ինձանից հետոո թկուզ ջրհղեղ»: Մարտուն Գրիգորյանը այն անձնավորությունն է, ով կարող է ջրհղեղից հետո վերականգնել, այրված կամուրջնրի փոխարեն նոր կամուրջ կառուցել, և դնել ճանապարհ՝ նոր մարդ հասկացության»։

Այս ելույթներից հետո Մարտուն Գրիգորյանը խոսեց, դիմելով հավաքվածներին, ասաց՝  ձեր ընդունելությամբ այսօր դուք շատերին ապացուցեցիք, որ այս օրերի ընթացքում մեր դեմ հյուսած դավերն ու խառնակչության փորձերը անօգուտ էին․«Ես աշխատել եմ քարոզարշավն այնպես տանել, որ ոչ մի լարվածություն չլինի: Չնայած շատ-շատ ուզեցին, որ քաղաքում խառնաշփոթ լիներ, բայց փառք ու պատիվ մեզ՝ գյումրեցիներիս, որ մենք կարողացանք այսպես անցկացնել»։

Անդրադառնալով իր դեմ հնչող այն մեղադրանքներին, թե ինքը համագործակցել է նախկին իշխանությունների հետ, Գրիգորյանը վերահաստատեց, որ նախկին իշխանությունների հետ ունի ընկերական հարաբերություններ, նշելով, որ այսօր իրեն մեղադրողները ժամանակին վազվզում էին այդ մարդկանց կողքով, որպեսզի ինչ-որ կերպ նկատվեյին:

«Իմ ղեկավարման ընթացքում հանդարտություն է լինելու, ոչ ոք իրեն քաղաքից, ժողովրդից ու օրենքից վեր չի կարողանալու դասել: Դա ե´ս եմ ասում, ու ե´ս եմ պահելու,-ասաց նա:

ՔՊ-ից հնչող այն հայտարարությունը, թե գյումրեցին, բացի ՔՊ-ից ում ձայն տա, նշանակում է քվեարկում է Կոմկուսի քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օգտին, Մարտուն Գրիգորյանը հերքեց, քաղաքացիներին հորդորելով չտրվել սադրանքներին.«Իրենք այդ քայլով փորձում են շեղել գյումրեցիներին, փորձելով հիասթափեցնել ձեզ, որպեսզի չգնաք ընտրության: Չգնաք ընտրության, որպեսզի կարողանան իրենց կողմից նախապես պատրաստված ցուցակները ճիշտ ռեալիզացնել: Եթե այդ խայծը կուլ տաք, ձեր փոխարեն ձեր քաղաքապետին կընտրեն հնդիկներն ու մնացած ազգերը: Դա է իրենց նպատակը»:

Մարտուն Գրիգորյանը իր ելույթում քաղաքում հանդարտություն ապահովելու կոչ արեց նաև  իշխող ուժի թեկնածուներին. «Շատ դժվար է, գիտեմ, իշխանական մեքենան աշխատում է: Խնդրանքս է, քաղաքում թշնամություն չլինի, ընտրություններից հետո ստիպված չլինենք իրարից հաշիվ պահանջելու, և իրար հետ թշնամանալու: Մենք ունենք 1 թշնամի, մեր թշնամին թուրքն է»:

Ուղերձ կար նաև Շիրակի թեմի առաջնորդի՝ Միքայել Աջապահյանի համար.«Խնդրանքս է, հորդորել բոլոր գյումրեցիներին Ձեր հայրական հորդորով, որպեսզի բոլորը գնան ընտրատեղամաս ու կատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Նաև խնդրում եմ, որ աղոթեք գյումրեցիների համար՝ որպեսզի ամեն ինչ լինի հանդարտ, ամեն ինչ անցնի հանգիստ: Գյումրին ու գյումրեցին կարողանան ցույց տալ ամբողջ Հայաստանին, որ այստեղ չեն տրվելու ոչ մի խառնակչության, և չեն գնալու այն ուղղությամբ, որը ցանկալի ու պարտադիր է որոշ ուժերի համար»:

Հանդիպման վերջում Մարտուն Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց դաշինքն այս ընտրություններում հաղթելու է։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ