Այլ թեկնածուների արածը՝ ընտրակաշառք, Սարիկ Մինասյանինը՝ գործ․ «Եթե մարդն իր պաշտոնավարման ժամանակ գործ է արել, դա նշանակում է նախընտրական կաշա՞ռք է»․ Ն․ Բաղդասարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այսօր մամուլի ասուլիս են անցկացրել, խոսել նախընտրական շրջանում Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի և ընդդիմադիր թեկնածուների թիմերի անդամների ձերբակալությունների մասին։ Մամուլի ասուլիսին չի մասնակցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։ Թիմակիցները պատճառաբանել են, որ նա քարոզարշավի է։
Այն ընթացքում, երբ ՔՊ-ի ասուլիսն էր ընթանում, բերման ենթարկվեցին «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը և որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Նրանց ձերբակալությամբ թեկնածուի այսօրվա քարոզարշավը չեղարկվեց։
ՔՊ-ականները հիշեցին Հայաստանի ժողովրդավար երկիր լինելու մասին, հայտարարեցին, որ իրենք արդար և մաքուր, կշռադատված ընտրություններ պետք է անցկացնեն ու պատասխանատու են դրա համար։ Բայց բազմաթիվ էին օրինակները, նաև համացանցում տեսանյութեր կան այն մասին, որ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցներն այս օրերին ակտիվորեն փողոցներ են խճապատում, լուսակետեր տեղադրում, շներ ստերջացնում և այլն։ ՔՊ-ականները դա քաղաքապետարանի ամենօրյա գործը համարեցին՝ ընտրակաշառքի ենթատեքստ չտեսնելով։
Թեկնածուների բառապաշարին ու քարոզարշավներին էլ անդրադարձան։
«Թեկնածուներից մեկը ինձ որպես կին թիրախավորել է և բուլինգի է ենթարկում, իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնել էդ բառամթերքով»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ու հորդորեց գյումրեցիներին՝ չտրվել ընտրակաշառքին, ընտրություններին անպայման մասնակցել ու քվեարկել խղճի թելադրանքով։